Մարզային

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն ամանորյա ծրագիր է նախապատրաստել փոքրիկ հանդիսատեսի համար

2 րոպեի ընթերցում

«Իմ քայլը»   բարեգործական հիմնադրամն  ամանորյա ծրագիր է նախապատրաստել փոքրիկ հանդիսատեսի համար

ԳԱՎԱՌ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն Արցախյան վերջին պատերազմում զոհված, վիրավորում ստացած, անհետ կորած կամ գերեվարված զինվորների, ինչպես նաեւ պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությունից Երեւան եւ Հայաստանի տարբեր մարզեր տեղափոխված ընտանիքների 6-12 տարեկան երեխաների համար կազմակերպում է ամանորյա միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Գեղարքունիքի մարզում Հիմնադրամն իր նախաձեռնությունը կյանքի է կոչում մարզպետարանի հետ համագործակցությամբ:

Մարզում նախատեսված է կազմակերպել 6 նման միջոցառում, որոնք իրականացվում են Գավառի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում:

Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից երեխաների՝ Գավառ տեղափոխման ծախսերը հոգացել է Գեղարքունիքի մարզպետարանը, կազմակերպչական մնացած աշխատանքները համակարգել են մարզպետարանի մշակույթի եւ ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները:

Դեկտեմբերի 22-ին Քալանթարցիները հանդես են եկել Վարդենիսի տարածաշրջանի համայնքների արցախցի երեխաների առջեւ: Բեմականացվել է «Անտառի առեղծվածը» հեքիաթը, իսկ ծրագրի ավարտին փոքրիկ հանդիսատեսները հիմնադրամի կողմից ստացել են ամանորյա նվերներ: Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին գավառի պետթատրոնը հյուրընկալել է մարզի մյուս տարածաշրջաններում ապաստանած երեխաներին։

Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ տոնական այդ ծրագրից կօգտվեն նաեւ Գավառի մանկատան սաները:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում