Քաղաքականություն

«Արժանապատվության երթ»-ն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում

2 րոպեի ընթերցում

«Արժանապատվության երթ»-ն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների կազմակերպած «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում՝ կարճատև հանրահավաքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում ներկայացրեց շարժման առաջիկա անելիքները:

«Վաղը մեր երթը կմեկնարկի Հալաբյան փողոցից՝ ԹՈՒՄՈ-ի այգու տարածքից, և կշարունակվի դեպի կենտրոն: Մենք մեր առաջիկա երթերով շարունակելու ենք ուժի կուտակումը, որպեսզի երեքշաբթին դառնա ամենավճռորոշը»,- ասաց Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ շաբաթ օրը նախատեսված է հանրահավաք ու սգո երթ:

«Արժանապատվության երթ»-ի ընթացքում մասնակիցները մի քանի հարցից բաղկացած նամակ փոխանցեցին ՀՀ Գլխավոր դատախազություն, ինչպես նաև օրենքի շրջանակներում գործելու կոչեր հնչեցրեցին ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը դեկտեմբերի 22-ին հայտարարում է համահայաստանյան գործադուլ և դասադուլ:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում