Կգործարկվի Գեղարքունիքի մարզի «Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ զբոսաշրջության» առցանց հարթակը
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ գերմանական «Ֆրեդերիխ էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նաիրա Գեւորգյանը հեռավար ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որի հիման վրա հաջորդ ուսումնական տարում հիմնադրամի ֆինանսավորմամբ կգործարկվի Գեղարքունիքի մարզի «Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ զբոսաշրջության» առցանց հարթակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հարթակի գործունեության նպատակն է՝ բարձրացնել մարզի հանրակրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ զբոսաշրջության ոլորտների մշտադիտարկման արդյունավետությունը, հանրայնացնել մարզի հանրակրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների, ֆորմալ եւ ոչ ֆորմալ խմբերի գործունեությունը, ձեւավորել նորությունների միասնական հարթակ եւ խթանել նշված կառույցների միջեւ փորձի փոխանակումն ու համագործակցությունը։
Նորաստեղծ հարթակում իրենց էջերն ստեղծելու հնարավորություն կունենան վերոնշյալ ոլորտներում գործող մարզային եւ համայնքային ենթակայության կազմակերպությունները, ՀԿ-ները։ Հարթակի գործունեությունը կհամակարգի Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը:
Հարթակը հնարավորություն կստեղծի՝ կազմակերպելու առցանց մշակութային միջոցառումներ, ստեղծագործական մրցույթներ, ցուցահանդեսներ։ Այն նախատեսվում է գործարկել 2021 թվականի սեպտեմբերից։
Խոսրով Խլղաթյան