Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

2 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոսպիտալի բուժանձնակազմը նախարարին ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին և պահեստազորայիններին ցուցաբերվող բուժօգնության հետ կապված աշխատանքները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հոսպիտալի բժշկական անձնակազմին՝ իրենց առաքելությունը պատվով իրականացնելու համար։

«Վաղարշակ Հարությունյանը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել զինծառայողների հետ և շուտափույթ ապաքինում մաղթել։ Պաշտպանության նախարարը գերատեսչական պարգևներով է պարգևատրել պատերազմում հերոսաբար կռված տղաներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետերի հետ քննարկել է պատերազմի օրերին ռազմաբժշկական ծառայության գործողությունները և հանձնարարականներ տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում