Քաղաքականություն

ԱԺ նախագահը պարզաբանեց օրակարգից Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի ընտրության հարցերը հանելը

2 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը պարզաբանեց օրակարգից Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի ընտրության հարցերը հանելը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նիստերի օրակարգից Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թեկնածուի ընտրության հարցերը հանելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նամակ է ուղղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, խորհրդարանն էլ ընդառաջել է հարցերը հետաձգելու խնդրանքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ նիստում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պարզաբանելով օրակարգից հարցերի հանելը:

Միրզոյանը տեղեկացրեց, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իրեն նամակ է գրել: Այդ նամակից պատգամավորները տեղեկացել են, որ թեկնածուները նիստի վերաբերյալ տեղեկացվել են հեռախոսազանգով: «Դա ըստ երևույթին պատշաճ չեն համարել և չեն հասցրել պատրաստվել: Մյուս կողմից, նամակում նշվում է, որ ԱԺ լիագումար նիստում իրենց տեսլականը ներկայացնելիս թեկնածուները պետք է խոսեն դատական իշխանության հեռանկարների և համակարգի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ: Այդ հարցերը վերաբերում են դատավորների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովմանը, դատարանների ծանրաբեռնվածությանը, նյութատեխնիկական պայմաններին և այլնին: Սակայն հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը և ծառացած ավելի հրատապ լուծումներ պահանջող հարցերի շրջանակը՝ իրատեսական չէ դատական իշխանությանը հուզող այս հիմնախնդիրների շուրջ կառուցողական և արդյունավետ քննարկում կազմակերպելը, այս պատճառով ԲԴԽ նախագահն իր և թեկնածուների անունից խնդրում է հարցը հետաձգել: Սա է ամբողջը»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա տեղեկացրեց, որ ԱԺ-ն բնականաբար ընդառաջում է խնդրանքին, և հարցը հետաձգվում է:

Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը և Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը նախատեսված էր քննարկել ԱԺ հերթական նիստերի հինգշաբթի օրվա առաջին հիմնական նիստում:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում