Ժիրայր Լիպարիտյան․ Ի՞նչ խնդիր են լուծում Վազգեն Մանուկյանը և 17-ը․ Ութ հարց և ութ պատասխան

6 րոպեի ընթերցում

Փորձում եմ մտածել. ի՞նչ խնդիր են լուծում Վազգեն Մանուկյանն ու իր 17 դաշնակիցները։

1․ Արդյոք լուծո՞ւմ են նոյեմբերի 10-ի հայտարարության ստեղծած իրավիճակը:

Ոչ, որովհետև Վազգեն Մանուկյանը լեզվական ճարպկությամբ լոկ խաղում է ժողովրդի սրտի լարերի հետ։

«Մենք չեն հաշտվի այդ հայտարարության հետ» ասելուց անմիջապես հետո նա ասում է. «Մենք չենք կարող հրաժարվել դրանից»։

2․ Արդյոք նրանք լուծո՞ւմ են զոհված ու վիրավոր զինվորների հետ կապված հարցերն ու նրանց ընտանիքների ծանր խնդիրները:

Ոչ մի փաստ չկա, որ նրանք մտահոգ են այդ հարցերով, որ նրանք տարբեր մոտեցում են ունենալու, քան որևէ մեկը, որն իշխանության մեջ է։

Նրանք օգտագործում են այդ ընտանիքների և ընդհանրապես մեր ժողովրդի անասելի ծանր վիշտն ու բարկությունը, ինչպես նաև ժողովրդի մի մասի հուսախաբությունը ժողովրդավարությունից՝ հասնելու համար իշխանության:

Հասնել նրան, ինչին ժողովրդի քվեով չկարողացան հասնել։ Դա է եղել պատմության մեջ իշխանության հասնելու հիտլերների ճանապարհը։

3․ Արդյոք լուծո՞ւմ են իշխանության օրինակարգ փոփոխության խնդիրը:

Ոչ, պարզապես պահանջում են, որ իշխանությունը Մանուկյանին հանձնվի և վերջ։

4․ Արդյոք լուծո՞ւմ են վտանգված ժողովրդավարության խնդիրը:

Ոչ, որովհետև Մանուկյանի պատկերացմամբ՝ վարչապետն ու իր թիմը, այսինքն՝ կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է հեռանան և իշխանությունը Մանուկյանին հանձնեն, իր խոսքով՝ մի տարի ժամանակով, առանց նոր ընտրությունների։

Արդեն տեսնում ենք անհանդուրժողականության նախանշանները, երբ Մանուկյանը այլ պետությունների գործակալ, այսինքն՝ դավաճան է հռչակում ժողովրդի մեկ կարևոր մասին, նրանց, ովքեր իր և իր ընկերների հետ համաձայն չեն։ Եվ նա խոսում է նրանց «մաքրելու մասին»։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սա նշանակում:

5․ Արդյոք լուծո՞ւմ է քաղաքական օրինակարգության հարցը:

Ոչ, որովհետև իրենք իշխանություն են պահանջում իրե՛նց համար, այլապես «գազազած» մարդկանց հրավիրում են վարչապետ «հոշոտելու»:

6․ Արդյոք լուծո՞ւմ են հարցը՝ Արցախի և արցախցիների համար փրկելու այն, ինչը տակավին կարելի է փրկել նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո:

Ոչ. թեև Մանուկյանն ասում է՝ դա է անելու, սակայն ոչ մի քննադատության չի ենթարկում իր և իր դաշնակիցների մտայնությունը, որի հետևանքով հասանք այս պատերազմին։ Նա և իր 17-ի ընկերները այս՝ քսանից ավելի տարիների ընթացքում ստեղծել են Ղարաբաղյան խնդիրը լուծելու մի քսղաքականություն, որով իրենց հույսը՝ խաղաքարտը դրել են պատերազմի՛ վրա, և ո՛չ խաղաղության, կամ աջակցել են այդ մտայնությանը:

Ոչ մի պատճառ չկա այժմ մտածելու, որ սրանից հետո տարբեր արդյունքի են հասցնելու մեր խնդիրը։

Նա Հայաստանի դիվանագիտությունը ի սկզբանե ձախողության է դատապարտում։

Դրա գինը կարող է լինել նաև մնացյալի կորուստը։

7․ Արդյոք այս պատերազմից և պատմական մասշտաբի պարտությունից հետո նրանք դաս չե՞ն քաղել:

Թերևս քաղել են, սակայն ո՛չ այն դասը, որ մնացյալներիս համար հստակ է։

Ինչպես նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն էին արել անցյալ օգոստոսին, Վազգեն Մանուկյանը և իր ընկերներն այժմ իրենց պատերազմն են հռչակում Թուրքիայի դեմ, երբ Մանուկյանը հայտարարում է, թե Հայաստանը միանալու է Թուրքիայի դեմ կազմվող պետությունների որևէ խմբի։

Ընդհանուր գծերով՝ Թուրքիան գործում է Ռուսաստանի հետ։ Թուրքիան անսակարկ դաշնակիցն է և գլխավոր զորակցողը՝ Ադրբեջանի։ Ո՞ր երկրների հետ է բանակցելու կամ հաշվի նստելու Մանուկյանը, որպեսզի նոյեմբերի 10-ի հայտարարությունից առավելագույն օգուտը ստանանք։ Շվեյցարիայի՞։

Մանուկյանի և իր ընկերների մոտ ոչ մի նշույլ չկա զգոնության և իմաստնության, որոնք անհրաժեշտ են այս կացությունից դուրս գալու համար։

Ընդհակառակը. տեսնում ենք, որ փոխանակ անցյալի սխալներն ընդունելու, առավել խորանալով այդ սխալների մեջ՝ փորձում են ցույց տալ, որ իրենք սխալ չեն գործել։ Եվ դա սկսում են պատմության ու նույնիսկ անմիջական անցյալի դեպքերի նենգափոխությամբ։

8․ Արդյոք պետականության ուժեղացման խնդի՞րն են լուծում:

Ի՞նչ ճանապարհով են ուզում այդ «ուժեղացումը» իրագործել, երբ առաջարկում են անտեսել Սահմանադրությունը, Ազգային ժողովը և մենատիրություն հաստատել։

Վազգեն Մանուկյանն ու իր 17 գործակիցները այս հարցերից ոչ մեկը չեն լուծում։ Թե ինչ հարց են լուծում, թողնում եմ ընթերցողի դատողությանը։ Եթե ճիշտ է, որ վարչապետ Փաշինյանը պետք է հեռանա, ապա դա չի նշանակում որ նրա պաշտոնը պետք է ստանձնի մեկը կամ մի խումբ, որը ոչ միայն արտաքին քաղաքականության դաշտում արկածախնդրությունից բացի այլ բան չի անելու, այլև նվազագույն հարգանքը չունի Սահմանադրության, պետական կառույցների և ժողովրդավարության նկատմամբ։

Պատմության մեջ ամենամեծ վնասը հասցրել են նրանք, ովքեր գործել են որպես «փրկիչներ» և «ժողովրդի ցավը ապրողներ», և ովքեր այդ «զգացմունքի» հիման վրա էլ իշխանություն են պահանջել ու ստանալուց հետո այն ի չարն օգտագործել։

Ժիրայր Լիպարիտյան

1991-1997 թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, պրոֆեսոր, դիվանագետ

8 դեկտեմբեր, 2020

Հայերեն

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով