Մարիաննա Շահպարոնյանը Ախալքալաքում ներկայացրել է իր «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայոց թեմի բարձր հովանու ներքո հայրենադարձ բանաստեղծուհի, «Դեպի Հայաստան» համահայկական-հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Մարիաննա Շահպարոնյանն այցելել է Ախալքալաք, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ և ներկայացրել «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն:
Ախալքալաքի համայնքը մեծ ոգևորությամբ է ընդունել Շահպարոնյանին և բարձր գնահատականի արժանացրել նրա ստեղծագործությունները։
Միջոցառմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Նշան վրդ. Հմայակյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի փոխնախագահ Էդուարդ Աղասարյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր Հակոբ Չախմախչյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, գրող Գևորգ Հայասան, դպրոցի տնօրեններ և արվեստասերներ։
«Ախալքալաք այցը ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի․ իմ մեծ պապիկը՝ Վարդան Շահպարոնյանը, Ջավախքի մեծանուն նվիրյալ է։ Նա եղել է հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, գրող, կառուցել է դպրոցի շենքը, հիմնադրել է Ախալքալաքի գավառական «Ջավախք» պարբերականը։ 1912 թվականին Ախալքալաքում Թափարվան գետի վրա իր միջոցներով կառուցել է առաջին հէկ-ը։
Մեծ հպարտությամբ և ոգևորությամբ Ախալքալաքում ներկայացրի հայրենիքին նվիրված «Դեպի Հայաստան» գիրքը, ինչպես նաև քննարկումներ ունեցա համայնքի ներկայացուցիչների հետ օտարության մեջ հայի ինքնությունը պահպանելու իրենց վեհ գործի վերաբերյալ»,-նշել է Շահպարոնյանը։
Մարիաննա Շահպարոնյանը կշարունակի արտերկրում ներկայացնել «Դեպի Հայաստան» գիրքը, որի առաքելությունն է միավորել աշխարհասփյուռ հայերին ազգային արժեքների շուրջ, խրախուսել հայրենասիրությունը և հայրենադարձությունը։