Հասարակական

Փոխոստիկանապետը ՃՏՊ-ների թվի նվազումը կապում է բալային համակարգի ներդրման հետ

1 րոպեի ընթերցում

Փոխոստիկանապետը ՃՏՊ-ների թվի նվազումը կապում է բալային համակարգի ներդրման հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը Հայաստանում արձանագրվող ճանապարհատրանսպորտային պատահարների թվի կրճատումը կապում է երթևեկության բալային համակարգի ներդրման հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆիդանյանն ասաց Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի նիստի ընթացքում:

«2020թ. առաջին 9 ամիսների ընթացքում տեղի է ունեցել 2855 ճանապարհատրանսպորտային պատահար, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 3443, ինչը նշանակում է, որ այս տարի պատահարները մոտ 17%-ով նվազել են: Սա խոսում է նաև բալային համակարգի ներդրման արդյունավետության մասին»,- ասաց Ֆիդանյանը:

Փոխոստիկանապետը նշեց, որ արագաչափ սարքերի, տեսախցիկների ու բալային համակարգի միջոցով հնարավոր է եղել կրճատել նաև արձանագրվող իրավախախտումների թիվը:

«2020թ. 9 ամիսների ընթացքում արագաչափ սարքերով և տեսախցիկներով արձանագրվել է ընդհանուր առմամբ 985 հազար իրավախախտում, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածում արձանագրված խախտումները եղել են 1 մլն-ից ավելի: Այստեղ ևս բավական լուրջ նվազում ունենք»,- նշեց փոխոստիկանապետը:

2020-ի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում