Պաշտոնական

Ավինյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչներն անդրադարձել են գերիների փոխանակման և հարակից մի շարք հարցերի

3 րոպեի ընթերցում

Ավինյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչներն անդրադարձել են գերիների փոխանակման և հարակից մի շարք հարցերի

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ վերջինիս առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Քլեր Մեյթրոյին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար, ինչպես նաև հույս հայտնել, որ Թիերի Ռիբոյի ղեկավարությամբ ԿԽՄԿ պատվիրակության հետ համապարփակ համագործակցությունը կշարունակվի ու էլ ավելի կընդլայնվի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ԿԽՄԿ պաշտոնյաները շնորհակալություն են հայտնել ՀՀ գերատեսչություններին աջակցության համար, որը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով իրականացնել կազմակերպության առաքելությունը: Քլեր Մեյթրոն ու Թիերի Ռիբոն նաև մանրամասն ներկայացրել են ԿԽՄԿ աշխատանքների ընթացքը:

Կողմերը քննարկել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին, զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Տիգրան Ավինյանը կարևորել է ԿԽՄԿ ցուցաբերած աջակցությունը և միջնորդական դերը, ինչպես նաև վերոնշյալ գործընթացներն արագացնելու հրատապությունը: Նա նշել է, որ հայկական կողմը ամբողջովին հետևում է Ժնևի կոնվենցիաներով և դրանց լրացուցիչ արձանագրություններով հաստատված՝ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի քաղաքակիրթ կանոններին, և շարունակելու է հետևել կոնվենցիաների տառին ու ոգուն:

Փոխվարչապետն անդրադարձել է ռազմական գործողությունների ընթացքում և դրանց ավարտից հետո Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտման դեպքերին: Նա նաև մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետ վերադարձի, անհետ կորածների և զոհվածների դիերի որոնողական աշխատանքներում ադրբեջանական կողմի ստեղծած խոչընդոտների կապակցությամբ:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնական սկզբունքները ու մեխանիզմները: Նա նաև ընդգծել է գործընթացն առավելագույնս արագացնելու կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Արցախում առկա հումանիտար իրավիճակին ու արցախցիների կարիքների գնահատման հարցերին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում