ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 29-ին, ժամը 04:10-ին տեղեկություն է ստացել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում ռումբ է տեղադրված։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Մինչև ժամը 07։27-ը փրկարարները, ինժեներասակրավորականխումբը և ոստիկանության կինոլոգիական խումբը «Աստղիկ» ԲԿ-ի 3-րդ մասնաշենքում (3-րդ, 5-րդ և 10-րդ հարկերում) իրականացրել են տեղազննում, որի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։