Տնտեսություն

Խորհրդարանը վավերացրեց վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետը երկարաձգող նամակ-համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

Խորհրդարանը վավերացրեց վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետը երկարաձգող նամակ-համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարմն և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի տրամաբանական և ֆիզիկական շարունակությունն է: Վարդանյանն անդրադարձավ, թե ինչու են առաջարկում երկարաձգել մասհանումների ժամկետը: Նա նշեց, որ ծրագրի իրականացման ժամանակ դեռևս 2017-ին նախորդ կառավարության կողմից կասեցվել էր ծրագիրը, որպեսզի ուսումնասիրվեն ծրագրի իրականացման նոր տեխնիկական հնարավորությունները: «Ծրագրի իրականացման ընթացքում պետք է կառուցվեն էլեկտրահաղորդման գծեր՝ Դդմաշեն գյուղից մինչև Այրում, Այրումում պետք է կառուցվի բարձր լարման հոսանքի փոխակերպիչ կայան, Դդմաշենում՝ ենթակայան, այնուհետև Այրումից էլեկտրահաղորդման գիծ՝ դեպի Վրաստան: Ծրագիրը կասեցվել էր, քանի որ նախորդ կառավարությունը տեսականորեն հնարավորություն էր տեսել առանց փոխակերպիչ կայանի միացումը՝ վրացական և ռուսական էներգոհամակարգերին, այսինքն սինքրոն կապի միջոցով»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի էներգոհամակարգի զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց այդ ծրագրի իրականացման, այս ծրագիրը լուծելու է նաև անվտանգության խնդիր: Վարդանյանի խոսքով՝ մինչև նոյեմբերի 30-ը չվավերացնելու դեպքում կկիրառվի տուգանք:

Նամակ-համաձայնագիրը վավերացնելու նախագիծն ընդունվեց միաձայն` 72 «կողմ» ձայներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում