ԱՄԷ-ի դերը որպես հանդուրժողականության համաշխարհային մայրաքաղաք. ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատարի հարցազրույցը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների անունն ամուր կապված է հանդուրժողականության արժեքի հետ: Այս մասին ասել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ Ալ Սալամին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատարի հարցազրույցը:

Նոյեմբերի 16-ին աշխարհը նշեց «Հանդուրժողականության միջազգային օրը»։ 1995թ.-ից ի վեր ՄԱԿ-ն այն հռչակել է որպես ամենամյա միջոցառում՝ նպատակ ունենալով ամբողջ աշխարհին հիշեցնել հանդուրժողականության կարևորության և դրա ամրապնդման ու տարածման անհրաժեշտության մասին։ Որո՞նք են Արաբական Միացյալ Էմիրությունների նվաճումները հանդուրժողականության արժեքների տարածման գործում:

Արաբական Միացյալ Էմիրությունների անունն ամուր կապված է հանդուրժողականության արժեքի հետ, որի սկիզբը դրել է ԱՄԷ հիմնադիր լուսահոգի շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանը՝ երկիրը դարձնելով հանդուրժողականության, համակեցության և համագործակցության համաշխարհային մոդել:

ԱՄԷ նախագահ Նորին Մեծություն Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի կողմից 2019 թվականն ԱՄԷ-ում «Հանդուրժողականության տարի» հայտարարելուց հետո երկիրն ամրապնդեց իր դիրքերը` հռչակվելով հանդուրժողականության համաշխարհային մայրաքաղաք: Տարին արժևորվեց նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամ շեյխ Ահմադ Ալ Տայեբի ԱՄԷ կատարած պատմական այցով, որը դարձավ մուսուլմանների և քրիստոնյաների միջև հարաբերությունների ամրապնդման կարևոր քայլ:

2019թ. փետրվարին ԱՄԷ-ն հյուրընկալեց նաև Մարդկային եղբայրության միջազգային համաժողովը, որի ընթացքում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամ շեյխ Ահմադ Ալ Տայեբի կողմից ստորագրվեց «Մարդկային եղբայրություն» փաստաթուղթը։

Հանդուրժողականության արժեքներն ամրապնդելու համար ի՞նչ այլ միջոցառումներ է նախաձեռնել ԱՄԷ-ն։

ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի նախաձեռնությամբ 2012 թ. բացվեց ծայրահեղականության դեմ պայքարի «Հիդայա» կենտրոնը՝ դառնալով պետության կողմից ընդունված հանդուրժողականության սկզբունքների և ծայրահեղականության մերժման մարմնացում։

2015թ. հուլիսին Արաբական Միացյալ Էմիրությունները, համագործակցելով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, գործարկեց «Սավաբ» կենտրոնը, որն իրենից ներկայացնում է էլեկտրոնային հաղորդագրությունների ինտերակտիվ նախաձեռնություն և նպատակ ունի աջակցել ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարին միտված միջազգային ջանքերին: Կենտրոնը ձգտում է բարձրացնել ամբողջ աշխարհում միլիոնավոր մուսուլմանների և ոչ մուսուլմանների ձայները, ովքեր մերժում և դեմ են հանդես գալիս ահաբեկչական գործողություններին և ահաբեկչական կազմակերպությունների անդամների կողմից տարածվող կեղծ ու ապակողմնորոշող գաղափարներին:

2016թ. փետրվարին ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հայտարարությամբ ԱՄԷ-ում ստեղծվեց Հանդուրժողականության պետական նախարարի պաշտոնը:

2017թ. Դուբայի կառավարությունը հիմնեց Հանդուրժողականության միջազգային ինստիտուտը՝ դառնալով արաբական միակ կազմակերպությունը, որը հավատում է համակեցության, սիրո և մարդկային եղբայրության արժեքների ինստիտուցիոնալացմանը: Ինստիտուտը կազմակերպում է մի շարք ծրագրեր և նախագծեր, որոնք ուղղված են երիտասարդության շրջանում հանդուրժողականության խնդիրների վերաբերյալ իրազեկման խորացմանը և նրանց հնարավորություն է տալիս իրենց կառուցողական և մարդասիրական գաղափարները վերածել իրական քայլերի:

2017թ. փետրվարին ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հրամանով Դուբայի ամենագեղեցիկ հետիոտնային կամուրջը ստացավ Հանդուրժողականության կամուրջ անվանումը:

Ինչպիսի՞ նախաձեռնություններ է նախատեսում իրականացնել ԱՄԷ-ն ապագայում այս ոլորտում:

ԱՄԷ-ն հայտարարել է երեք միաստվածային կրոնները՝ իսլամը, քրիստոնեությունը և հուդայականությունը միավորող կառույցի ստեղծման իր նպատակի մասին, որը կկրի «Աբրահամական ընտանիքի տուն» անվանումը և կբացվի 2022թ. մայրաքաղաք Աբու Դաբիում գտնվող Սաադիյաթ կղզում:

Այն համարվում է «Մարդկային եղբայրության» փաստաթղթով նախատեսված նախաձեռնություններից մեկը, որը մեկ հարկի տակ կներառի եկեղեցի, մզկիթ և սինագոգ՝ առաջին անգամ ձևավորելով ընդհանուր համայնք և ամրապնդելով այս դավանանքների հետևորդների միջև երկխոսության և գաղափարների փոխանակման պրակտիկան։

Հայերեն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին