Նոյեմբերի 16-17-ի գիշերը երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 16-17-ի գիշերը երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, երբ մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից:

Լեոնիդների ասուպային հոսքը դիտվում է ամեն տարի նոյեմբերի 8-22 ընկած ժամանակահատվածում՝ առավելագույն փուլի մի փոքր տատանումներով։

Քանի որ նոյեմբերի 15-ին Նորալուսին է եղել, թույլ ասուպներն ավելի լավ կդիտվեն նաև առավելագույն փուլին նախորդող օրերին: Լեոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը:

Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է որպես կանոն գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի, և վերջիններս, մեծ (մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար կմ/ժամ) արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա: Երկրի մթնոլորտի համեմատաբար խիտ շերտերում՝ սովորաբար Երկրի մակերևույթից 50-130 կմ բարձրության վրա, ասուպներն այրվում են, և միայն նրանցից առավել խոշորները կարող են հասնել Երկրի մակերևույթին: Հատկապես առատ ասուպային հոսքերը մարդիկ անվանել են «աստղային անձրև» կամ «աստղաթափ»:

Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ, և երկնքում թողնում են կանաչավուն հետքեր: Դրանց չափերը կարող են հասնել 9 մմ-ի և կշռել մինչև 85 գրամ: Լեոնիդների ամենամյա ասուպային հոսքը պայմանավորված է 1866-ին հայտնաբերված Թեմփել-Թաթլ (Tempel-Tuttle) գիսավորից մնացած կտորների միջով Երկրի անցումով: Թեև սովորական տարիներին Լեոնիդներն այնքան էլ ինտենսիվ չեն, սակայն յուրաքանչյուր 33.25 տարին մեկ, երբ Երկիրն անցնում է երկնաքարերի կույտի կենտրոնով, դիտվում է ասուպների քանակի կտրուկ աճ, և այդ ժամանակ Լեոնիդների հոսքը հանդիսանում է ամենաառատ ասուպային հոսքը՝ ժամում 1000-ից ավելի (երբեմն մինչև 3000) ասուպ: Ասուպների այդպիսի հեղեղ դիտվեց 1999թ. և շարունակվեց 2000-2002թթ., իսկ հաջորդը սպասվում է 2032 թվականին: Սակայն ասուպների աճ (ժամում մինչև 100-150) կարող է դիտվել և այլ տարիներին: Լեոնիդների ասուպային հոսքը հայտնաբերվել է 1833թ. նոյեմբերի 12-13-ի գիշերը, և այդ օրը համարվում է ընդհանրապես ասուպային աստղագիտության ծնունդը: Հետաքրքրական է, որ հետադարձ հաշվարկով աստղագետները գտել են, որ դարեր առաջ (սկսած 6-րդ դարից) նույնպես գրանցվել է Լեոնիդների ասուպային հոսք, սակայն այն ժամանակ լիարժեք չի հասկացվել և չի բացատրվել: Ինչպես և բոլոր երկնային մարմինները և երևույթները, ասուպները նույնպես ավելի լավ են դիտվում բնակելի վայրերից հեռու, քանի որ քաղաքային լուսավորությունը խիստ դժվարեցնում է ասուպների դիտելը:

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը