Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն խստագույնս դատապարտում է ադրբեջանցիների կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պղծումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն խստագույնս դատապարտում է ադրբեջանցիների կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պղծումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ խստագույնս դատապարտել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պղծումը՝ նշելով, որ միջազգային համապատասխան օղակների հետ համագործակցությամբ Հայաստանը շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել դրա իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու ու նման գործողությունները լիարժեքորեն կանխելու նպատակով:

«Կրակի դադարեցման ուժի մեջ մտնելուց հաշված օրեր անց ողջ աշխարհը կրկին ականատես է դառնում հայ ժողովրդի և հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժող և ռասիստական վերաբերմունքի դրսևորումներին։ Ադրբեջանական մեդիա տիրույթում շրջանառվում են Արցախի խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների իրականացման, խաչքարերի, կրոնական հաստատությունների, հուշարձանների պղծման և դիտավորյալ ոչնչացման բազմաթիվ տեսագրություններ և լուսանկարներ:

Այս առումով հատկապես աղաղակող է ադրբեջանական բարբարոսության թիրախ դարձած Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու սրբապղծումը:

Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտի և Արցախի տարածքում հայկական ներկայության ցանկացած հետքի ի սպառ բնաջնջմանն ուղղված այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի բացահայտ խախտում, հակասում են համամարդկային արժեքներին և պետք է ենթարկվեն խստագույն դատապարտման։

Խստագույնս դատարպատելով մարդկության քաղաքակրթական ժառանգությանն ուղղված այս բարբարոսությունը՝ միջազգային համապատասխան օղակների հետ համագործակցությամբ շարունակելու ենք գործնական քայլեր ձեռնարկել դրա իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու ու նման գործողությունները լիարժեքորեն կանխելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում