ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը զենքի վաճառքի մասին համացանցում շրջանառվող տեղեկությունը սուտ է որակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Շուշան Ստեփանյանը նշել է, որ դրա նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը:
«Դա լկտի սուտ է և մանիպուլյացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը: Շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Ցանկացած հետաքննող լրագրող ինչպես ՀՀ համապատասխան մարմններին, այնպես էլ մատնանշված պետություններին կարող է ուղարկել հարցումներ և համոզվել, որ ամբողջը հորինվածք է: Առաջիկայում կտրվի պաշտոնական պարզաբանում»,-նշել է Շուշան Ստեփանյանը:
Համացանցում տեղեկություններ են տարածվել, թե ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնատար այլ անձանց հետ ներգրավված է եղել զենքի վաճառքի գործարքներում, շրջանառվում են իբր դրանց մասին հավաստող փաստաթղթեր: