Ազգովին ամուր դառնալու բանաձեւը. Ներկա պատերազմի հոգեբանական հետեւանքները

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոգեբան Սամվել Խուդոյանի հետ զրույցում «ՀՀե»-ն փորձում է պարզել, թե պատերազմական դաշտում անհաջողություն կրելու փաստն ինչպիսի՞ ազդեցություն կարող է թողնել մեր ժողովրդի հոգեբանության վրա։ Ո՞ր դեպքում այն կարող է մեզ կոտրել, ո՞ր դեպքում առավել ամրացնել եւ դուրս բերել ռազմաքաղաքական զարգացման նոր մակարդակի վրա։

-Պարոն Խուդոյան, այսօր մեր ժողովուրդը հոգեբանական առումով այնքան էլ լավ վիճակում չէ։ Այս իրավիճակը դեռեւս երկա՞ր կպահպանվի։

-Այո, մեր ժողովուրդն այսօր, կարելի է ասել, աննախանձելի վիճակում է։ Նաեւ բանն այն է, որ դեռեւս հստակ չենք պատկերացնում ընդունված համաձայնագրի տարբեր կետերի բովանդակությունը, դրանց նշանակությունն ու ազդեցությունը մեր հետագա կյանքի վրա։ Նաեւ չենք պատկերացնում, թե ինչպիսին է լինելու տվյալ փաստաթղթով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ Այս ամբողջ անորոշությունը կապված է տեղեկատվության պակասի հետ։ Իսկ տվյալ իրավիճակը սրում է նաեւ ներքաղաքական կյանքը, քաղաքական-հասարակական շատ ուժեր իրենց խնդիրներն են առաջ մղում։ Ժամանակի ընթացքում որքան հստակություններ մտցվեն այս հարցերի մեջ, այնքան կլիցքաթափվի իրավիճակը։ Եվ անգամ գուցե ըմբռնենք, որ այդ համաձայնության ընդունումը միակ որոշումն էր, որ կայացվեց տվյալ պահին։ Այսինքն՝ մարդկանց հոգեվիճակները կապված են հենց այդ պրոցեսների հետ. որքան տեղեկացված լինի մարդը, որքան հստակ տեսնի, թե ինչն ինչպես է իրականացվում եւ ինչ է լինում դրանից հետո, այնքան նա կարող է դուս գալ հոգեբանական բարդագույն վիճակներից։ Սրան զուգահեռ քաղաքական լարվածությունն էլ կնվազի. ժամանակի հետ միանշանակ այն թուլանալու է։

-Ներկա պահն ինչպե՞ս բնորոշենք. սա լարվածության գագաթնակե՞տն է, սրանից հետո՞ է կորն իջնելու։

-Ոչ։ Գագաթնակետը համաձայնագրի ստորագրման հաջորդ օրն էր՝ ամսի 11-ին։ 12-ից հետո կամաց-կամաց հաղթահարում ենք իրավիճակը. հոգեբանական առումով լիցքաթափումը տեղի է ունենում։ Նորից կրկնեմ նախկին ասածս. հոգեբանության մեջ այսպիսի օրենք է գործում՝ որքան ինֆորմացիան պակաս է, այնքան տագնապը մեծ է։ Իսկ տագնապի կողքին էլ ընկճախտն անպակաս է. կա ու կա։

-Իսկ անհաջողության մատնվելու գիտակցությունն ինչպիսի՞ հետեւանքներ կթողնի առավել կուժեղացնի՞ մեր հոգեբանական ամրությունը, թե՞ հետեւանքներն այլ կլինեն։

-Նախ, սա մեծ դաս է լինելու մեր ժողովրդի համար, որ այլեւս առավել զգոն պետք է լինի: Քաջատեղյակ լինի, թե ինչ է կատարվում երկրում, ինչպիսի վարքագիծ է դրսեւորում օրվա իր իշխանությունը։ Կամրապնդվի այն գիտակցությունը, որ երկրի ողջ ներուժը պետք է ձգտի մի բանի՝ առավել հզորացնել երկրի պաշտպանունակությունը, առավել հզորացնել բանակը։ Մյուս դասն այն է լինելու, որ ժողովուրդն այլեւս կգիտակցի, որ իր փոխարեն ոչ ոք չի պաշտպանելու իր երկիրը, ինքն է իր երկրի միակ պաշտպանը եւ թյուր պատրանքների հետեւից այլեւս չպետք է ընկնի։ Նաեւ առավել ռացիոնալ ու ռեալիստ կդառնա. առավել ճիշտ կհաշվարկի սեփական ուժերը։ Եվ ճիշտ կգնահատի իրեն շրջապատող թշնամական ուժերի հնարավորությունները։ Նաեւ՝ իշխանություններից ունեցած ժողովրդի պահանջը կմեծանա։ Վստահաբար կարող եմ ասել, որ այսուհետ պահանջկոտությունն իշխանություններից սարսափելի բարձր է լինելու։

-Անհաջողություն կա, որ ուժեղացնում է մարդուն, նույնն էլ՝ հանրությունների դեպքում. անհաջողություն կա, որ կոտրում է նրանց։ Մենք ո՞նց անենք, որ այս ժամանակավոր նահանջն օգտագործենք հօգուտ մեր երկրի հզորացման։ Հե՞շտ է դա անելը։ Կարո՞ղ ենք։

-Այսպես է՝ ցանկացած անհաջողություն կոտրում է թույլ մարդուն, կոտրում է ինտելեկտից ցածր մարդուն, որն իր դժբախտությունից սովոր չէ դասեր քաղել ու հեռահար պլաններ չի կարողանում կազմել։ Իսկ եթե խելոք մարդ ես, վաղվա տեսլականներ ունես, ապա անհաջողությունը քեզ կուժեղացնի։ Նույնն էլ՝ երկրների ու պետությունների դեպքում։ Բերենք Իսրայելի օրինակը. ժամանակի ընթացքում այս երկիրն ավելի ու ավելի ուժեղ դարձավ, այնինչ շրջապատված է իրենից անհամեմատ, ահռելիորեն ուժեղ թշնամական աշխարհներով։

Ասելիքս այն է, որ այս պատերազմը պետք է ուժեղացնի մեր ժողովրդին։ Քանզի հոգեբանական գիտության մեջ ժողովրդի հետ կապված այդպիսի հասկացություն չկա, որ կոտրվեց թե չէ, այդպես կոտրված էլ շարունակելու է ապրել։ Պարզապես նրա հիասթափությունը, նրա տխրությունը վերածվելու են առավել իմաստուն իշխանություն ունենալու պահանջի։

Միով բանիվ, այսպես է՝ եթե ժողովուրդն իմանա, որ հետագա քայլերով հնարավոր է փոփոխություններ մտցնել ստեղծված իրավիճակում եւ ամենակարեւորը՝ պայքարել արտաքին այդ հզոր ուժերի դեմ, ապա այս վիճակից դուրս կգա առավել հզորացած ու հոգեբանորեն պնդացած։ Որովհետեւ ի՞նչ է նշանակում ընկճախտ. նշանակում է՝ ելք չտեսնել։ Այդ ելքը պետք է մեր մտավորականությունը, մեր ժողովրդի իմաստուն մարդիկ ուրվագծեն ու տան ժողովրդին։ Այնպես որ, ամեն ինչ առջեւում է, եւ ամեն ինչ կախված է մեզանից, թե ինչպես կկարողանանք օգտագործել մեր ներուժն ու ծրագրել մեր վաղվա օրը։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հայերեն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին