Քաղաքականություն

ՌԴ փոխարտգործնախարարն անդրադարձել է ԼՂ-ում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ առաջարկին

2 րոպեի ընթերցում

ՌԴ փոխարտգործնախարարն անդրադարձել է ԼՂ-ում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը բավարար տեղեկություն չունի Լեռնային Ղարաբաղում սկանդինավյան երկրների խաղաղապահներ տեղակայելու Միացյալ Նահանգների առաջարկի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ նշելով, որ ցանկացած դեպքում, բոլոր չափորոշիչները պետք է համաձայնեցված լինեն հակամարտության կողմերի հետ:

«Բոլոր հնարավոր մեխանիզմների անհրաժեշտ չափորոշիչները պետք է համաձայնեցնել հակամարտության կողմերի հետ խորհրդակցություններում»,- ասել է Ռուդենկոն:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան տեղյակ է ԱՄՆ-ի այս առաջարկից, Ռուդենկոն նշել է, որ տեղյակ է այնքանով, որքանով, որ լրագրողները:

Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկում է Լեռնային Ղարաբաղում տեղակայել սկանդինավյան երկրների խաղաղապահներին:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում