Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին
1 րոպեի ընթերցում
![Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1032571.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել են նախագահական լրագրողների միավորման անդամները:
«Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդություններին, սակայն չի հայտնել՝ խոսել է երկրների ղեկավարների հետ, թե ոչ»,- նշել են լրագրողները:
Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում են, որտեղ առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: