Քաղաքականություն

Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը, հայրենիքն ու տունը չեն զիջվում ոչ մի գնով. Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը, հայրենիքն ու տունը չեն զիջվում ոչ մի գնով. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի նպատակը ոչ թե տարածք պոկելն է, այլ մեր ազգի ու պետության խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածումն է՝ շեշտելով, որ այլ տարբերակ չկա, քան մինչև վերջ կանգնելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արարատ Միրզոյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այս պատերազմը նոր չի սկսվել։ Այս պատերազմը առնվազն մի քանի հարյուր տարի է վարում են մեր դեմ։ Նպատակը տարածք պոկելը չէ, Վարանդան ու Բերձորը չեն, ոչ էլ Շուշին ու Ստեփանակերտը։ Նպատակը մեր ազգի ու պետության խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածումն է, քաղաքական քարտեզից մեր վերացումը, հնարավորության դեպքում՝ ի սպառ բնաջնջումը։ Սարդարապատում, Նժդեհյան գոյամարտում, Արցախյան ազատամարտում մենք դա կանխել ենք։ Փոխել ենք բանաձևը։ Սա՛ չի ներվում մեզ։ Սա՛ էն ուզում կոտրել, ու մեզ նորից Դեր-Զորի գլխիկոր լուռումունջը դարձնել։

Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա։ Մի անգամ պիտի կանգնենք մինչև վերջ։

Խրիմյան Հայրիկը Բեռլինի կոնգրեսից որ հետ եկավ, երկաթե շերեփից բացի մի ուրիշ բան էլ ասաց։ Ասաց՝ սերբերի թրից արյուն էր կաթում, դրա համա՛ր իրենց երկիր տվեցին։

Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջվում։ ՈՉ ՄԻ ԳՆՈՎ։

Կեցցե հավերժական հայ ժողովուրդը։

Հաղթելու ենք։ Անկասկած հաղթելու ենք»,- գրել է Միրզոյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում