Հասարակական

Թուրքիան արգելել է իր օդային տարածքով ԱՄՆ-ից 100 տոննա մարդասիրական օգնությունը հասցնել Հայաստան

2 րոպեի ընթերցում

Թուրքիան արգելել է իր օդային տարածքով ԱՄՆ-ից 100 տոննա մարդասիրական օգնությունը հասցնել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան արգելել է իր օդային տարածքով Ամերիկայի Միացյալ Նահանգներից 100 տոննա մարդասիրական օգնությունը հասցնել Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Այս օրերին աշխարհի տարբեր երկրներից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, եվրոպական երկրներից, Ջավախքից, Թբիլիսիից Հայաստան է փոխանցվել մոտ 700 տոննա հումանիտար օգնություն, և այս օգնությունը շարունակվում է: Նաև 100 տոննա օգնություն կա, որը պատրաստ է ԱՄՆ-ից գալ Հայաստան, սակայն Թուրքիան արգելել է իր օդային տարածքով, նույնիսկ, մարդասիրական օգնություն հասցնելը, որի հետևանքով այս թռիչքը հետաձգվում է»,- ասաց Սինանյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում