1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱԳ նախարարը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:
Նշվում է, որ կողմերը հաստատել են հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորմանը:
ՀՀ ԱԳ նախարարը հոկտեմբերի 12-ից պաշտոնական այցով ՌԴ-ում է: Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, իսկ հոկտեմբերի 13-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: