Քաղաքականություն

Թուրքիայի ռազմական ներկայությունն Ադրբեջանում պետք է մտահոգի Իրանին. դեպան Թումանյան

6 րոպեի ընթերցում

Թուրքիայի ռազմական ներկայությունն Ադրբեջանում պետք է մտահոգի Իրանին. դեպան Թումանյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել իրանական «Ilna» լրատվական կայքին` անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին, դրանց Թուրքիայի մասնակցության անթույլատրելիությանը և տարածաշրջանի համար դրանց վտանգավորությանը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի ոչ պաշտոնական թարգմանությունը:

ՀարցՈ՞րն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված ռազմական բախման պատճառը:

Արտաշես Թումանյան․Այս պատերազմական գործողությունները պատահական ծագած երևույթ չեն, այլ Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված լայնածավալ հարձակում, խաղաղ բանակցային գործընթացի կազմակերպված տապալում և հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձ:

Ի տարբերություն այս տարի հուլիսին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի, այս անգամ Ադրբեջանը ագրեսիա է նախաձեռնել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) դեմ՝ միտումնավոր թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու է իր յուրաքանչյուր թիզ հողը և իր անվտանգությունը, և Հայաստանն էլ շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը:

Արցախի դեմ Ադրբեջանի ներկա ագրեսիան բնութագրվում է երկու կարևոր առանձնահատկությամբ․ առաջին՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի մակարդակով հրապարակավ hրաժարվել է խաղաղ գործընթացից և խնդիր է դրել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել լայնածավալ պատերազմով։ Երկրորդ՝ այս նպատակի իրականացման համար Ադրբեջանը լայնածավալ ռազմաքաղաքական աջակցություն է ստանում Թուրքիայից։ Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Միաժամանակ, արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Ռազմական գործողությունների ողջ ընթացքում Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին:

Հարց․Հնարավո՞ր է, որ ռազմական գործողությունների մեջ ներքաշվեն տարածաշրջանի երկրները, և ինչպիսի՞ն կլինի ուժերի դասավորվածությունն այդ պարագայում:

Արտաշես Թումանյան․Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ այս գործողություններն ուղղված են տարածաշրջանային կայունության և անվտանգության խաթարմանը, որի հետևանքների համար վերջինս կրում է ողջ պատասխանատվությունը:

Այս պահին Թուրքիան է, որ ուղղակիորեն ներգրավված է ռազմական գործողությունների մեջ և բացարձակապես չի էլ թաքցնում իր ծայրահեղ միակողմանի և ագրեսիվ դիրքորոշումը հայկական կողմի նկատմամբ:

Հարց․Արդյո՞ք ՄԱԿ-ը կարող է միջամտել և օգնել ստեղծված ճգնաժամի հաղթահարմանը:

Արտաշես Թումանյան․ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ, որի հիմնական ուղերձը ճգնաժամի խաղաղ կարգավորմանն աջակցություն հայտնելն է:

Հարց․Իրանը, Թուրքիան և Ռուսաստանն այս հակամարտության լուծման համար ի՞նչ դերակատարություն կարող են ունենալ:

Արտաշես Թումանյան․ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն է և այս հարցում նրա դերակատարությունը չափազանց մեծ է, այդ թվում նաև՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Թուրքիայի մասին արդեն ասվեց. վերջինս չի կարող և չի էլ փորձում ունենալ կառուցողական դերակատարություն և հանդես է գալիս հակամարտության կողմերից մեկի շահերի ակնհայտ պաշտպանության դիրքերից՝ գործնականում ներգրավվելով նաև ռազմական գործողությունների մեջ:

Ինչ վերաբերում է Իրանին, վերջինս մշտապես հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Հարկ է նշել, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է իրանական կողմի՝ բանակցությունների վերսկսմանն օժանդակելու պատրաստակամության մասին՝ մի բան, որ Հայաստանի կողմից շատ բարձր է գնահատվում:

Հարց․Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունն ինչքանո՞վ է ազդել այս բախումների բռնկման վրա:

Արտաշես Թումանյան․Թուրքիայի միակողմանի և ագրեսիվ դիրքորոշումը միանգամայն ակնհայտ է, և այս ռազմական բախման ընթացքում լիովին «նյութականացվեց»: Ինչ վերաբերում է Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, դրանց ավարտից հետո զինուժի և ռազմական տեխնիկայի՝ Ադրբեջանի տարածքում թողնելուն, ապա դա կարելի է համարել ռազմական ագրեսիայի նախապատրաստման կարևոր բաղադրիչներից մեկը:

Ի դեպ, Թուրքիայի ռազմական ներկայությունն Ադրբեջանում և հատկապես Նախիջևանում կարծում ենք՝ մտահոգիչ իրողություն պետք է լինի նաև Իրանի համար:

Հարց․Հակամարտության լուծման գործում ի՞նչ դերակատարություն կունենան ԵԱՀԿ Մինսկի խումբը և եռանախագահող երկրները:

Արտաշես Թումանյան․Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտն է: Այս պահին ՀՀ ղեկավարությունը մշտական կապի մեջ է համանախագահող երկրների հետ՝ ստեղծված վտանգավոր վիճակը կարգավորելու և բանակցությունները բնականոն հուն վերադարձնելու նպատակով:

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

Հայաստանի և Ալբանիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Քաղաքականություն

Հայաստանի և Ալբանիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

Քաղաքականություն

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Քաղաքականություն

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում․ Ջեյմս Օ’Բրայեն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում․ Ջեյմս Օ’Բրայեն

Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի. Ջեյմս Օ’Բրայենը՝ Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու մասին

Քաղաքականություն

Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի. Ջեյմս Օ’Բրայենը՝ Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու մասին

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Քաղաքականություն

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ջեյմս Օ’Բրայենը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

Քաղաքականություն

Ջեյմս Օ’Բրայենը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

Նիկոլ Փաշինյանը ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին շնորհավորել է և հրավիրել Հայաստան

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին շնորհավորել է և հրավիրել Հայաստան

Քաղաքագետ Ներսես Կոպալյանը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի անվտանգային հարցերն ու մարտահրավերները

Քաղաքականություն

Քաղաքագետ Ներսես Կոպալյանը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի անվտանգային հարցերն ու մարտահրավերները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում