Միջազգային հանրությունը պետք է անհապաղ արձագանքի վարձկաններին Արցախի դեմ օգտագործելու լուրին. ՄԻՊ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրությունը ու հենց առաջին հերթին մարդու իրավունքների կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկաններին Արցախի և Հայաստանի դեմ օգտագործելու լուրերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների: Խոսքը գնում է 3,000-4,000 վարձկանների մասին, որոնք Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վարձվել են 1,500-2,000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ ըստ այդ աղբյուրների:

Այս լուրերը պարբերաբար հաստատում են միջազգային լրատվամիջոցները, մարդու իրավունքների ոլորտի արտասահմանյան կազմակերպություններ: Նշվածի մասին տեղեկություններ են հավաստվում են նաև Արցախի աղբյուրներով:

Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի հումանիտար աղետի՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլ դաժանություններով ու ավերածություններով»,- գրել է Թաթոյանը:

Ըստ ՄԻՊ-ի` պետք է հաշվի առնել, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմաօդային ու հրետանային հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի, Արցախի ու Հայաստանի բնակիչների նկատմամբ լայնածավալ ատելության խոսքով ու բռնության, այդ թվում՝ սպանությունների ագրեսիվ կոչերով:

«Դրանից բացի, Արցախի ու արդեն Հայաստանի նկատմամբ առանց տարբերակման հրետակոծություններով թիրախավորված են նաև խաղաղ բնակչության համար կենսական կարևորության ճանապարհները, գազատարները, կապի միջոցները և այլն: Այս բոլորը մեկ շղթայի տարբեր մասեր են:

Սարսափելի է նույնիսկ պատկերացնել մարդկության դեմ ուղղված ու ռազմական այն հանցագործությունները, որ կարող են տեղի ունենալ այս զարգացումների պայմաններում:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն և սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:

Ուստի, միջազգային հանրությունը ու հենց առաջին հերթին մարդու իրավունքների կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն»,- գրել է Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել կանխելու համար այսօր տեղի ունեցող պատերազմական գործողությունները ու դա պետք է անել ոչ թե ձևական կոչերով, այլ իրական քայլերով:

«Միջազգային հանրությունը, այն էլ մարդու իրավունքների հարցերով կառույցները չունեն իրավունք անտեսելու այս ամենը՝ թաքնվելով «քաղաքական» պատրվակների տակ կամ արդարանալով սեփական մանդատների «անզորությամբ»,- գրել է Թաթոյանը:

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս