Պաշտոնական

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին և նախագահին Անկախության տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին և նախագահին Անկախության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները:

Վստահ եմ, որ մեր երկրների կառուցողական երկխոսությունը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների շրջանակներում փոխգործակցությունն այսուհետ ևս կշարունակեն ակտիվորեն զարգանալ: Այն, անկասկած, համապատասխանում է ռուս և հայ ժողովուրդների շահերին, ընթանում է տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հունով:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Հարգելի Արմեն Վարդանի,

Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Մեր երկրների հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա: Դաշնակցային հարաբերությունների, բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը, անկասկած, բխում է մեր եղբայրական ժողովուրդների երկարաժամկետ շահերից և կնպաստի խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում