Տնտեսություն

Գեղարդալճից ինքնահոս եղանակով ջուրը կհասնի Կոտայքի մարզի 5 համայնքներ

4 րոպեի ընթերցում

Գեղարդալճից ինքնահոս եղանակով ջուրը կհասնի Կոտայքի մարզի 5 համայնքներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված «Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցում» շինարարական աշխատանքների ընթացքում Գողթ համայնքի բնակիչների խոչընդոտների և բողոքների պատճառով շինարարական աշխատանքներն ամբողջական ծավալով չեն իրականացվել: «Անհրաժեշտ ծրագրային ցուցանիշներն ապահովելու համար անհրաժեշտ է ավարտին հասցնել այդ հատվածի կառուցման շինարարական աշխատանքները, որոնց նախագծանախահաշվային փաստաթղթերն և փորձաքննությունը արդեն պատրաստ են։ Նախագծի գումարը կազմում 152 մլն դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Պապիկյանը:

Գեղարդալճի ինքնահոս համակարգի նախնական նախագիծը մշակվել է դեռևս 2014 թվականին «Հայջրնախագիծ ինստիտուտ» ընկերության կողմից և 2015-2018 թվականներին իրականացվել է նախագծով նախատեսված աշխատանքների մի մասը: Գողթ համայնքի բնակիչների խոչընդոտների և բողոքների պատճառով չի կառուցվել նախագծով նախատեսված 26.2կմ երկարությամբ մայր խողովակաշարի 1.925 կմ երկարությամբ հատվածը և գլխամասային ջրընդունիչ կառուցվածքը:

«Գեղարդալճի ինքնահոս համակարգի չավարտված աշխատանքների իրականացում» նախագծի կատարման համար հիմք է հանդիսացել «Հայջրնախագիծ ինստիտուտ» ընկերության կողմից նախկինում մշակված նախագիծը, նախագծման ելակետային տվյալները, ջրատնտեսական հաշվարկները, ինժեներա-երկրաբանական, հիդրոլոգիական և կլիմայական պայմանները, սեյսմիկ գոտիավորման տվյալները, այլ վերլուծական ուսումնասիրություններ, հաշվարկներ:

Չավարտված աշխատանքների կազմում ներառվել է նաև գլխամասի ջրընդունիչ կառուցվածքի վերակառուցման նախագիծը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի ոլորտներում վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման վերաբերյալ կայացած խորհրդակցությանը հանձնարարվել էր ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդալճի ինքնահոս համակարգի չավարտված շինարարական աշխատանքների իրականացման հարցում:

Սույն որոշման նախագծով պահանջվող գումարը կվերաբաշխվի ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի «Կոշտ թափոնների կառավարում» ծրագրի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիր» միջոցառման համար նախատեսված գումարներից:Ոռոգման ջրագծի կառուցման շնորհիվ ՀՀ Կոտայքի մարզի Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքներում ոռոգման մեխանիկական եղանակը կփոխարինվի ինքնահոս եղանակով:

«Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման» ծրագրի շրջանակներում «Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցում» շինարարական աշխատանքներն ավարտելու և շահագործման արդյունքում կտնտեսվի էլէներգիա, ինչպես նաև Գեղարդալճից ինքնահոս եղանակով կայուն ոռոգման ջրով կապահովեն ՀՀ Կոտայքի մարզի Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում