Քաղաքականություն

Ընդդիմությունը պնդում է՝ ուսուցիչներն ազատ չեն, նախարարն արձագանքում՝ 30 տարում այսքան ազատ չեն եղել

3 րոպեի ընթերցում

Ընդդիմությունը պնդում է՝ ուսուցիչներն ազատ չեն, նախարարն արձագանքում՝ 30 տարում այսքան ազատ չեն եղել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ 30 տարվա ընթացքում ուսուցիչներն իրենց կարծիքն արտահայտելու հարցում այնքան ազատ չեն եղել, որքան հիմա են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն այս մասին ասաց ԱԺ նիստում ԼՀԿ-ի՝ իր հրաժարականի պահանջով հարցապնդման վերաբերյալ քննարկմանը ՝ անդրադադառնալով ընդդիմադիրների պնդմանը, թե դպրոցներում տիրում է վախի մթնոլորտ, ուսուցիչներն իրենց կարծիքն արտահայտելու հարցում ազատ չեն, անգամ սոցիալական ցանցերում չեն կարողանում գրառումներ անել:

«Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանը, դիմելով Հարությունյանին, ասաց. «Ձեր գործողությունները, ցավոք, չեն համապատասխանում Ձեր խոսքերին, քանի որ դպրոցների, բուհերի կառավարման խորհուրդներում շարունակում են նմալ քաղաքական մարդիկ, ավելին՝ մարդիկ հեռացվում են դպրոցների կառավարման խորհուրդներից՝ քաղաքական նկատառումներով, որտեղ մեղքը նույնիսկ իրենցը չի, այլ բարեկամինը, քանի որ Ձեզ դուր չի եղել բարեկամի ելույթը: Դպրոցներում շարունակվում է նույն կերպ տիրել վախի մթնոլորտը»: Գորգիսյանը նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ուսուցիչները զանգում, բողոքում են, բայց ցանկանում են մնալ անանուն:

Նախարարը վախի մթնոլորտի վերաբերյալ ասվածի հետ չհամաձայնեց, կոչ արեց մտնել իր «ֆեյսբուք»-ի էջ, կարդալ մեկնաբանությունները, տեսնել , թե որքան ուսուցիչ է մեկնաբանություն թողնում, և որևէ բան չի եղել: «Եթե որևէ մեկը Ձեզ ասել է, որ իր բարեկամի ելույթի համար որևէ մեկը հեռացվել է խորհրդից, նա ստում է: Դուք, որպես ԱԺ պատգամավոր, պետք է ասեք, թե ում պնդումն է, և նա պատասխանատվության կենթարկվի: Երբևէ նման դեպք չի եղել: Լո՞ւրջ եք ասում, որ վախի մթնոլորտում են ուսուցիչները: Ամենայն պատախսանատվությամբ եմ ձեզ ասում, 30 տարվա մեջ ուսուցիչը երբեք այսքան ազատ չի եղել, որքան հիմա է»,-ասաց նա:

Վախի մթնոլորտի վերաբերյալ նախարարի հռետորական հարցին անդարադարձավ նաև ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը: «Այո, լուրջ ենք ասում: Հանձնարարեք Ձեր օգնականներին, թող ստուգեն, թե ինչպես են բազմաթիվ տնօրեններ ընդհուպ վերահսկում սոցիալական ցանցերում ուսուցիչների գրառումները և լայքերը»,-ասաց նա ու նշեց՝ իրեն դիմել են ուսուցիչներ՝ ասելով,թե վախենում են, քանի որ տնօրենը չի թողնում գրառում կատարել:

ԱԺ ընթացող նիստին զուգահեռ ԼՀԿ-ն խորհրդարանի շենքի դիմաց քաղաքացիներին հրավիրել է մասնակցելու ակցիայի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիայի: Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր հետ նիստերի դահլիճ է բերել պաստառ, որում գրված է. «Քայլ արա, դուխով հեռացիր»:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում