Հասարակական

ԿԳՄՍ նախարարն անդրադաձել է դպրոցներում աշակերտների դիմակ դնելու վերաբերյալ մտահոգություններին

4 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարն անդրադաձել է դպրոցներում աշակերտների դիմակ դնելու վերաբերյալ մտահոգություններին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մինչ այսօր դպրոցներում աշակերտների դիմակ դնելու վերաբերյալ բողոքներ չի ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը

«Դիմակների առումով մենք նախկինում հետևում էինք պարետատան, այժմ էլ Առողջապահության նախարարության կողմից սահմանված ցուցումներին: Դիմակներ դնելու առումով լուրջ բողոքներ չենք ստացել և այդ առումով դպրոցներում լարվածություն չենք տեսնում, ինչպես նաև ուսուցիչներից դիտարկումներ չենք ստացել»,- նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ուղեցույցը կարող է հընթացս փոփոխվել, առաջիկա շաբաթվա ընթացքում իրենք պետք է հետևեն իրավիճակին:

«Մենք ուղիղ աշխատում ենք նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության հետ: Այս գործընթացքում մեր երեխաների և աշակերտների գործոնը շահարկելու հետ կապված ցանկանում եմ մի բան ասել: Նրանք մեր ընտանիքներում մեծացող երեխաներ են, և ես չգիտեմ, թե այդ ինչ խելագարության կանխավարկածով մենք պետք է առաջնորդվենք, որ մտածենք, թե նախարարությունն ընդունել է այնպիսի կանոնակարգում, որը կարող է ազդել մեր սերունդների առողջության վրա»,- ասաց Հարությունյանը:

Նա հայտնեց, որ փոփոխություններ կարվեն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը լինի:

Ըստ սահմանված ուղեցույցի՝ բոլոր դպրոցները պետք է վարեն աշակերտների ջերմաչափման մատյան։ Մատյանում գրանցվելու են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող սովորողների տվյալները։ Բարձր ջերմաստիճան ունեցող սովորողները մեկուսացվելու են դրա համար հատկացված սենյակում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը, այդ մասին տեղյակ է պահվում ծնողը կամ օրինական ներկայացուցիչը և տարածքը սպասարկող կամ կցագրված բժշկական կազմակերպությունը։ Օրվա ընթացքում անձնակազմը և սովորողները պետք է ապահովվեն անհրաժեշտ դիմակներով և ախտահանիչ նյութերով, հեռահար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով։

Դպրոցի ներսում սովորողների տեղաշարժը կազմակերպվելու է այնպես, որպեսզի բացառվեն կուտակումներն ու սերտ շփումները: Հարկից հարկ տանող աստիճանների մի մասով սովորողները պետք է բարձրանան, իսկ մյուս մասով իջնեն՝ այնպես, որ միմյանց չհանդիպեն: Դպրոցը պետք է ապահովի տեղաշարժի գծանշումը համապատասխան տարածքներում։ Այն դեպքում, երբ նշվածը հնարավոր չէ, դպրոցը նշանակում է հերթապահներ, ովքեր կկարգավորեն սովորողների տեղաշարժը: Դպրոցում սովորողները պարտադիր պետք է դնեն դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ և ըստ անհրաժեշտության:

Սովորողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության հաստատման դեպքում կդադարեցվի տվյալ դասարանի աշակերտների դպրոց հաճախումը 14­օրյա ժամկետով՝ կապ հաստատելով Առողջապահության նախարարության հետ:

Կառավարությունը սեպտեմբրի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունը սեպտեմբերի 11-ից ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով՝ մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում