Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

2 րոպեի ընթերցում

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ և հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ աշխատանքներն է սկսել «Շիրակի ճարտարապետությունը հնագույն շրջանից մեր օրերը» խորագրով ամառային դպրոցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դպրոցն ունի ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղադրիչ։ 

Ծրագրի շրջանակներում ներկայացվում է  ճարտարապետության նշանակությունը հայկական մշակույթի պատմության մեջ, ճարտարապետության զարգացման փուլերը Հայկական լեռնաշխարհում, Հայկական լեռնաշխարհի հնագույն հուշարձանները և դրանց առանձնահատկությունները, Վանի թագավորության ճարտարապետությունը և քաղաքաշինությունը, Ուրարտական ճարտարապետական նվաճումները և դրանց դերն ու նշանակությունը և այլ  թեմաներ։

Ճարտարապետական ամառային դպրոցի շրջանակներում կազմակերպվում են նաև դաշտային գործնական աշխատանքներ: «Դպրոցի մասնակիցներն արդեն այցելել են Հոռոմի, Սպանդարյանի և Բենիամինի հնավայրեր՝ տեղում ուսումնասիրել բրոնզ-երկաթեդարյան հուշարձանի միջնաբերդը եզերող պարսպապատերի շարվածքը, պահպանված կառույցների մնացորդները, ինչպես նաև պեղված հատվածների ճարտարապետական գտածոները և Ուրարտական արձանագրությունը։ Այս ընթացքում մասնագիտական զրույցներ են ծավալվում նաև Շիրակի ուրարտական շրջանի պատմությունից և ճարտարապետությունից»,-նշում է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի  տնօրեն Արմեն Հայրապետյանը՝ հավելելով, որ երիտասարդների մոտ հնագիտության ու պատմության հանդեպ հետաքրքրություն կա։ 

Ամառային դպրոցն այս պահին ունի 20 սան, ովքեր հուլիսի 15-21-ը հնարավորություն ունեն ծանոթանալու Շիրակի ճարտարապետությանը հնագույն շրջանից մինչև մեր օրերը։       

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում