Հասարակական

Հայ-ռուսական համատեղ վարժանքում ոչնչացվել են պայմանական հակառակորդի դրոնները

2 րոպեի ընթերցում

Հայ-ռուսական համատեղ վարժանքում ոչնչացվել են պայմանական հակառակորդի դրոնները

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի և ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողների երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ), ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանումների զինծառայողները և անօդաչու թռչող ապարատների հաշվարկները ճնշել և ոչնչացրել են պայմանական հակառակորդի հետախուզական և հարվածային «դրոնները»:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

ՌԷՊ-ի մասնագետներն «Ալագյազ» զորավարժարանում տեղակայել են ռադիոխանգարումների կայաններ, անցկացրել հետախուզական տեղեկատվության հավաք և վերլուծություն, խաթարել պայմանական հակառակորդի կապի համակարգը, մշակել են տարբեր բարձունքներում թռչող հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման խնդիրները և դրանք փոխանցել ՀՕՊ-ի ստորաբաժանումներին:

«Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանքների հաշվարկները ոչնչացրել են պայմանական հակառակորդի ցածր թռչող «դրոններ» նմանակող թիրախները՝ 23 մմ ավտոմատ թնդանոթից մինչև 2.5 հազար մետր հեռավորությամբ և մինչև 1.5 հազար մետր բարձրության վրա:

Երկկողմ մարտավարական զորավարժություններին Ռուսաստանից և Հայաստանից մասնակցում է ավելի քան 1.5 հազար զինծառայող և գործի է դրված շուրջ 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29, Սու-30ՍՄ, Սու-25 ինքնաթիռներ, Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում