Հասարակական

Միացյալ Թագավորության դեսպանությունն ընդունում է  «Չիվնինգ» կրթաթոշակի հայտեր

3 րոպեի ընթերցում

Միացյալ Թագավորության դեսպանությունն ընդունում է  «Չիվնինգ» կրթաթոշակի հայտեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին սեպտեմբերի 11-ին հրաժեշտի ընդունելություն է կազմակերպել Հայաստանից ընտրված «Չիվնինգ» կրթաթոշակառուների համար, ովքեր 2020-2021թթ. մագիստրոսական կրթություն կստանան բրիտանական համալսարաններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ՄԹ դեսպանությունից, դեսպանը հավաստագրեր է հանձնել այդ երեք հաջողակ կրթաթոշակառուներին և հաջողություններ մաղթել գալիք ուսումնական տարվա համար։

««Չիվնինգը» բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՄԹ արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության և գործընկեր կազմակերպությունների կողմից։ Այն առաջնորդության հմտություններ ունեցող անհատներին ամբողջական ֆինանսավորում է տրամադրում ցանկացած բրիտանական համալսարանում մեկամյա մագիստրոսական կրթություն ստանալու համար։ Կրթաթոշակը նաև հնարավորություն է ընձեռում ունենալ բացառիկ ակադեմիական, մասնագիտական և մշակութային բազմազան փորձառություն։

Երևանում բրիտանական դեսպանատունն ուրախ է հայտարարել, որ այժմ ընդունվում են հայտեր 2021-2022թթ․ ուստարվա «Չիվնինգ» կրթաթոշակների համար։ Եթե հանձնառու եք ստեղծել դրական փոփոխություններ, ունեք դրա համար անհրաժեշտ հմտություններ և կարող եք ցույց տալ, թե ինչպես կարող է Միացյալ Թագավորությունում ստացած մագիստրոսական կրթությունն օգնել ձեզ հասնել դրան, մինչև 2020թ. նոյեմբերի 3-ը www.chevening.org/apply կայքի միջոցով դիմեք «Չիվնինգ» կրթաթոշակի համար:

36 տարվա ընթացքում «Չիվնինգի» շնորհիվ աշխարհում շուրջ 50000 մասնագետներ են հնարավորություն ստացել ուսումնառելու Միացյալ Թագավորությունում։

Հայաստանից մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակ է ստացել շուրջ 170 հոգի, որոնց թվում՝ կառավարության ղեկավար աշխատակիցներ, խորհրդարանի անդամներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ ու գործարարներ։

«Չիվնինգի» մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.chevening.org/apply կամ Բրիտանական դեսպանատան էջեր Ֆեյսբուքում (@BritishEmbassyYerevan) Թվիթերում (@UKinArmenia)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում