Մշակույթ

Բացօթյա համերգով և հետաքրքիր ծրագրով տրվեց Կամերային կենտրոնի նոր համերգաշրջանի մեկնարկը

2 րոպեի ընթերցում

Բացօթյա համերգով և հետաքրքիր ծրագրով տրվեց Կամերային կենտրոնի նոր համերգաշրջանի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան երկու կամերային երաժշտախմբերի բացօթյա կատարումներով տրվեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի2020-2021թթ․համերգաշրջանի մեկնարկը:

Բոլորովին նոր հարթակում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում,համերգով հանդես եկան Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան) և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան)՝ տոն պարգևելով դասական երաժշտության սիրահարներին:

Համերգի ծրագրում երկու երաժշտախմբերի կատարմամբ հնչեց հայկական ավանդական երաժշտություն, Կոմիտաս, Էդգար Հովհաննիսյան։ Համերգին հնարավորություն ուներ ներկա գտնվել սահմանափակ թվով հանդիսատես՝ պարետատան սահմանած կանոններին համապատասխան։ Միջոցառման ընթացքում պահպանվեցին հակահամաճարակային բոլոր կանոնները: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանի խոսքով՝ առաջիկայում կենտրոնը միայն բացօթյա համերգներով է ներկայանալու: ԿԵԱԿ տնօրենը գոհ է առաջին համերգից:

«Այս ամիս պարբերաբար կունենանք բացօթյա համերգներ, որոնց ընթացքում ելույթ կունենան ԿԵԱԿ բոլոր հինգ երաժշտախմբերը: Չնայած կորոնավիրուսային վարակին՝ երաժշտախմբերը քրտնաջան աշխատել են, նոր ծրագրեր պատրաստել՝ ընդլայնելով իրենց երկացանկերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Նորայր Նազարյանը: Հաջորդ բացօթյա համերգը նախատեսվում է սեպտեմբերի 12-ին: Երեկոյի ընթացքում հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում