ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը sեպտեմբերի 5-ին, ժամը 21։42-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Volkwagen Passat» (վարորդ՝ Մկրտիչ Ն․, ծնված 1964 թ․), «BMW E46» (վարորդ՝ Լյուդվիգ Ս․, ծնված 1991 թ․), «BMW E60» (վարորդ՝ Արման Ա․, ծնված 1986 թ․) և «Toyota Ipsum» (վարորդ՝ Էդվարդ Ն․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Volkwagen Passat» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կարեն Շ․-ն և «BMW E46» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ուղևորը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ վարորդի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։