Պաշտոնական

Փոխվարչապետ Ավինյանի մոտ քննարկվել են ծառայությունների մատուցման գրասենյակների մոդելների հարցեր

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Ավինյանի մոտ քննարկվել են ծառայությունների մատուցման գրասենյակների մոդելների հարցեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ծառայությունների մատուցման գրասենյակների մոդելներին վերաբերող քննարկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, իր ելույթում փոխվարչապետն ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր քննարկելու ենք պետական ու համայնքային ծառայություններին վերաբերող հարցեր: Առհասարակ քաղաքացիների ու բիզնեսի հետ հաղորդակցման մի քանի եղանակներ ունեն պետական ու համայնքային մարմինները և դրանցից մեկը ծառայությունների մատուցումն է։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը հաճախ պայմանավորում են քաղաքացիների և տնտեսվարողների վերաբերմունքը և գոհունակությունը հանրային իշխանության նկատմամբ։

Այսօր մենք սկսում ենք Հանրային կառավարման բարեփոխումների քննարկումների շարք, որոնք, մասնավորապես, վերաբերում են պետական և համայնքային ծառայություններին։

Ծառայությունների բնագավառում բարեփոխումների օրակարգն առնչվելու է ծառայությունների մատուցման և՛ ինստիտուցիոնալ և՛ ընթացակարգային մեխանիզմներին։

Մենք առաջիկայում քննարկելու ենք`

ծառայությունների մատուցումն ապահովող վարչարարության, մոդելի ընտրության և ինստիտուցիոնալ հենքի արդիականացման խնդիրները,

ծառայությունների մատուցման նկատմամբ հսկողություն և որակի կառավարման արդյունավետ քաղաքականություն սահմանելու անհրաժեշտության հարցը,

թվային, նորարարական տեխնոլոգիաների և գործիքների կիրառմամբ պետական ծառայությունների մատուցման հնարավոր այլընտրանքային մեթոդների գործարկումը,

պետական մարմինների համապարփակ փոխգործելիության ապահովումը։

Սա մեր ընդհանուր օրակարգն է լինելու: Այսօր, մասնավորապես, կկենտրոնանանք ծառայությունների մատուցման գրասենյակների մոդելներին վերաբերող հարցերի վրա»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գերատեսչությունների կողմից ներկայացված մոդելների առաջարկները և նախանշվել են հետագա քայլերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում