Սպորտ

EuroBasket միջազգային մրցաշարը կարող է անցկացվել Երևանում

2 րոպեի ընթերցում

EuroBasket միջազգային մրցաշարը կարող է անցկացվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում առաջին անգամ կարող է անցկացվել EuroBasket անվանումը կրող միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը: Վերջինիս խոսքով` հոկտեմբերի 1-10-ը նախատեսված մրցաշարին կարող են մասնակցել մի շարք թիմեր ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Բելառուսից: Մրցաշարի կազմակերպիչը EuroBasket բասկետբոլային միջազգային կազմակերպությունն է, որը մեծ հեղինակություն ունի համաշխարհային բասկետբոլում:

Հայաստանից այս մրցաշարին կմասնակցեն մի քանի թիմեր, կլինի նաև ազգային թիմ: «Հայաստանի բասկետբոլի Ա լիգային դիմեց EuroBasket-ը և առաջարկեց անցկացնել նմանատիպ մրցաշար: Ամեն ամառ և աշուն նույն EuroBasket-ն անցկացնում է միջազգային մրցաշարեր` տարբեր երկրներում, ինչպես օրինակ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Իսպանիայում: Սակայն նույնիսկ Ռուսաստանում նման մրցաշար չի անցկացվել, ետխորհրդային տարածքում առաջինը մենք ենք, որ ընդունում ենք այն: Պատրաստվում ենք մրցաշարի կազմակերպման բոլոր հարցերը համաձայնեցնել պարետատան հետ և հասկանալ, թե ինչ ձևաչափով կլինի այն, եթե հարկ լինի մրցաշարն անցկացնել առանց երկրպագուների, ապա այդպես էլ կվարվենք»,-ասաց Պողոսյանը:

Ի սկզբանե ֆեդերացիան նախապատրաստվել էր, որ հավաքական թիմը պետք է մասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, սակայն համավարակի պատճառով մրցաշարը չեղարկվեց, բայց հավաքականը պատրաստ էր մրցաշարին: Հիմա այդ նույն թիմը կարող է ուժերը փորձել EuroBasket-ի մրցաշարում: Մրցաշարը խոստանում է լինել բացառիկ իր մասնակից բասկետբոլիստների մակարդակով:

Մրցաշարը հնարավոր է հեռարձակվի առցանց:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում