ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պռոշյանի կոնյակի գործարանի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 բուժառուի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում՝ կայուն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«32 և 46 տարեկան բուժառուները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածնքերից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում»,- գրել է Նիկողոսյանը:
Մամուլի խոսնակը հավելել է, որ մյուս բուժառուների առողջական վիճակում փոփոխություն չկա:
«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մասնաճյուղում սեպտեմբերի 1-ի ժամը 12:00-ի սահմաններում, գինու մթերման բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում՝ գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ 4 աշխատակից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք աշխատակիցներ: Քրեական գործով վերոնշյալ գործարանի 6 աշխատակիցներ ճանաչվել են տուժող: Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: