Հասարակական

Երևանի քաղաքապետի մոտ քննարկվել է Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքների վերացման հարցը

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետի մոտ քննարկվել է Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքների վերացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքների վերացման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքների վերացման հարցը։ Նախագծվում է վնասված հատվածի ապամոնտաժումը և շենքի ամրացումը, ինչպես նաև, քննարկվում է հեռանկարում տուժած բնակիչներին հիմնական կացարաններով ապահովելու հարցը։ Մինչ այդ, համայնքը կհոգա տուժած բնակիչների ժամանակավոր կացարանի ծախսերը»,- գրել է խոսնակը:

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված երկու քաղաքացիները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դուրս է բերվել նաև նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ 1962թ. ծնված` Արթուր Գեորգիի Ղազարյանի դին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում