Հասարակական

«Կալաշնիկով»-ի արտադրամասը պատրաստ է ՀՀ ԶՈՒ-ին տրամադրել առաջին 1000 ինքնաձիգը

2 րոպեի ընթերցում

«Կալաշնիկով»-ի արտադրամասը պատրաստ է ՀՀ ԶՈՒ-ին տրամադրել առաջին 1000 ինքնաձիգը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն օգոստոսի 21-ին այցելել է Երևանում գործող «Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման՝ «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի արտադրամաս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից։

«ՀՀ վարչապետի այցից ընդամենը մեկ ամիս ժամանակ է անցել, և արդեն առաջին խմբաքանակը՝ 1000 հատ ինքնաձիգ, արտադրամասը պատրաստ է տրամադրել մեր զինված ուժերին։

Այստեղից ինքնաձիգները կուղարկվեն զինված ուժերի պահեստ, որտեղից՝ արդեն որոշում է կայացվել, տվյալ ինքնաձիգները տրվելու են զորամասերին` մարտական հերթապահության կամ մարտական խնդիրների իրականացման համար։

Սա արդեն արդյունքն է, որը մենք տեսնում ենք։ Ռազմարդյունաբերության կոմիտեի, նաև զինված ուժերի համապատասխան մասնագետների կողմից հավաքման ամբողջ գործընթացը վերահսկվել է և այսօր սա վերջնական մասն էր առաջին խմբաքանակի, որը պատրաստ է առաքվելու մեր զինված ուժերին»,- նշել է ՀՀ ԲՏԱ նախարարության Ռազամարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը:

Այցի ընթացքում ՌԱԿ-ի նախագահին են ներկայացվել ինքնաձիգների հավաքման բոլոր փուլերը, հատուկ ուշադրություն է դարձվել որակի վերահսկողության բազմափուլ գործընթացին։

Հայաստանում հավաքվող «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգները անցնում են որակի ուժեղացված վերահսկողություն՝ որևէ թերություն բացառելու նպատակով։ Հավաքման յուրաքանչյուր փուլից հետո մանրակրկիտ ստուգվում են բոլոր դետալները, որից հետո միայն ինքնաձիգը տեղափոխվում է գործընթացի հաջորդ փուլ։

Ծանոթանալով մանրամասներին` ռազմարդյունաբերության կոմիտեի փորձագիտական խմբի անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել արտադրական գործընթացի և հատկապես որակի վերահսկման մեխանիզմների վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում