Հասարակական

Մեղուն թռչող դեղագործ է. Մարտունիում անցկացվեց «Մեղրաքամ 2020» փառատոնը

2 րոպեի ընթերցում

Մեղուն թռչող դեղագործ է. Մարտունիում անցկացվեց «Մեղրաքամ 2020» փառատոնը

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղում օգոստոսի 15-ին ացկացվեց «Մեղրաքամ 2020» փառատոնը: Համավարակով պայմանավորված, այս տարի հյուրերը թեև քիչ էին, բայց մասնակցելու ցանկություն հայտնած մարտունեցիներն էին շատ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը միջոցառումը կազմակերպվել էր «Իմ Ագրիամառը» միջազգային ամառային ճամբարի և «Մեղվաշխարհ» մեղվաբուծության զարգացման հիմնադրամի հետ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Արամազդ. Սմարթ» ծրագրի շրջանակներում:

«Տոնը դարձել է ավանդույթ։ Ցանկությունը մեկն է` ներկայացնել մեր տարածաշրջանում արարող մարդկանց աշխատանքներն ու թարմ մթերքները, ճանաչելի դարձնել մեր համայնքը նաև որպես տուրիստական ուղղություն: Նպատակը համայնքային ռեսուրսներով համայնքի զարգացումն ապահովելն է»,- ասաց միջոցառման համակազմակերպիչ, «Իմ Ագրիամառը» միջազգային ամառային ճամբարի ղեկավար Սաթենիկ Խաչատրյանը:

Փառատոնի ընթացքում հյուրերը ծանոթացան օճառի, մոթալ պանրի պատրաստման առանձնահատկություններին, համտեսեցին տարածաշրջանում արտադրվող մթերքները, իսկ միջոցառման ամենահետաքրքիր հատվածը մեղրաքամն էր. ցանկացողները միացան, հետո էլ համտեսեցին ու վստահեցրին` սեփական ձեռքով քամած մեղրն իսկապես յուրահատուկ համ ունի:

Փորձառու մեղվաբույծ Հայկ Հովհաննիսյանը, ներկայացնելով մեղվաքամի ընթացքը, բացեց իրենց առողջության գաղտնիքն է: «Մեղր ուտողը չի հիվանդանա: Մեղուն թռչող դեղագործ է»:

Կազմակերպիչները հուսով են, որ հաջորդ տարի փառատոնն ավելի շատ հյուրերով կանցնի։ Նրանք արդեն նոր ծրագրեր ունեն:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում