Մարզային

Մարզպետը գերազանցության ատեստատներ հանձնեց մարզի ոսկե մեդալակիր շրջանավարտներին

2 րոպեի ընթերցում

Մարզպետը գերազանցության ատեստատներ հանձնեց մարզի ոսկե մեդալակիր շրջանավարտներին

ԳԱՎԱՌ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում գերազանցության ատեստատներ հանձնեց Գեղարքունիքի, Կարճաղբյուրի եւ Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցների շրջանավարտներ Լուսինե Գրիգորյանին, Ռաֆիկ Ղազարյանին եւ Արեգա Հովհաննիսյանին:

«Արմենպրես» իտեղեկացմամբ՝ գերազանցության ատեստատների հանձնման արարողությանը մասնակցեցին մեդալակիրների ծնողները, ուսուցիչները եւ դպրոցների տնօրենները: Եվ քանի որ Ռաֆիկ Ղազարյանն այս պահին արդեն գտնվում է զինվորական ծառայության մեջ, գերազանցության ատեստատը մարզպետը շնորհեց նրա ծնողներին՝ Մանվել Ղազարյանին եւ Լյուդմիլա Ուլիխանյանին: «Նախ ուզում եմ ջերմորեն շնորհավորել մեր մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին, քանի որ այս հաջողությունն արդյունք է ձեր համատեղ ու քրտնաջան աշխատանքի: Ձեզ խրախուսելով՝ ցանկանում եմ միաժամանակ ոգեւորել մեր մյուս աշակերտներին, որպեսզի նրանք էլ ձգտեն գալ ձեր ճանապարհով: Համոզված եմ, որ գերազանց սովորելու ձեր ձգտումը դուք կպահպանեք նաեւ բարձրագույն կրթություն ստանալու ընթացքում ու ձեր գիտելիքները կծառայեցնեք մեր հայրենիքի ծաղկմանն ու զարգացմանը: Ես կարծում եմ, որ մեր երկրում տարիներ շարունակ կուտակված բազմաբնույթ հիմնախնդիրներն ավելի շատ արդյունք են այն բացթողումների, որոնք կրթական համակարգում թույլ են տրվել նախորդ տարիների ընթացքում: Ու որպեսզի ավելի շուտ ազատվենք այդ հիմնախնդիրներից, պետք է ձգտենք շտկել այդ բացթողումները՝ լուրջ ուշադրություն սեւեռելով կրթական մակարդակի բարձրացմանը: Միաժամանակ շնորհավորում ու բարի, անվտանգ ծառայություն եմ մաղթում մեդալակիր, արդեն Հայոց բանակի համազգեստը կրող Ռաֆիկ Ղազարյանին»,- ասաց մարզպետը:

Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ այս տարի Գեղարքունիքի մարզից միասնական քննություններին մասնակցել են 740 դիմորդ, որոնցից անցողիկ շեմը հաղթահարել են 727-ը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում