Մարզային

Վարդենիս քաղաքի զբոսայգու տարածքում կառուցվում է ներառական խաղահրապարակ

2 րոպեի ընթերցում

Վարդենիս քաղաքի զբոսայգու տարածքում կառուցվում է ներառական խաղահրապարակ

ԳԱՎԱՌ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու տարածքում արդեն մի քանի օր է, ինչ ընթանում են ներառական խաղահրապարակի կառուցման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ինտեղեկացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, ծրագիրն իրականացվում է Վարդենիսի համայնքապետարանի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի» համագործակցությամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 10 միլիոն դրամ, որտեղ Վարդենիսի համայնքապետարանի ներդրումը կազմում է շուրջ 1 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի օր առաջ եւ ավարտին կհասցվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

«Այս ծրագիրն ամբողջացնում է Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու վերակառուցման ու բարեկարգման գործընթացը, որը սկսվել էր նախորդ տարի, սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Վարդենիսի ներառական խաղահրապարակն իր բովանդակությամբ երկրորդն է Հայաստանում՝ Սիսիանից հետո: Հատուկ խնդիրներ ունեցող երեխաների զբաղմունքի եւ ժամանցի համար ստեղծվում են բոլոր հարմարավետ պայմանները: Միաժամանակ մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու զբոսայգին ավելի բարետես, ավելի ժամանակակից դարձնելու խնդիրը»,- ասաց Վարդենիս համայնքի ղեկավարը: Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով օգոստոսի 12-ին Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում