Հասարակական

Ավինյանն անդրադարձավ արտերկիր մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների խնդրին, որոնք այս օրերին ցանկանում են մեկնել արտերկիր, սակայն սահմանների փակ լինելու պատճառով բախվում են որոշակի խնդիրների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավինյանը խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում նշեց, որ այդ հարցը կոնկրետ պետության իրավական կարգավորումների դաշտում է:

«Ինչ վերաբերում է այլ երկրներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտք գործելու հնարավորությանը, այդ թվում՝ զբոսաշրջային նպատակներով, ապա նման հնարավորության սահմանումը կոնկրետ պետության իրավական կարգավորումների դաշտում է, և, որպես կանոն, պայմանավորված է այլ պետություններում վարակի տարածման դինամիկայով և տիրող համաճարակաբանական վիճակով»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը քաղաքացիներին հորդորեց հանգիստն անցկացնել Հայաստանում:

Խորհրդարանն օգոստոսի 12-ին հրավիրված հատուկ նիստում քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը:

Կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշում է ընդունել՝ երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:

Այս անգամ արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է մի շարք մեղմացումներով: Նախ վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը: Միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ և բացասական լինելու դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է:

Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սական որոշակի կանոնների պահպանման պայմաններով: Մասնավորապես, անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջև՝ առնվազն 1,5 մետր: Մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը, անցկացումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները:

Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահամանափակումներ կիրառելու հնարավորությունը, վարակակիրների հայտաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների կոնտակտավորների և ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը՝ ոչ ավելի քան 14 օրյա ժամկետի կտրվածքով:

Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 806 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 234 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Նորայր Շողիկյան

Հայերեն Русский

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվել է Սիրիայի նոր դրոշը

ՀՀ ՊԵԿ նախագահն Իրանում կքննարկի երկկողմ համագործակցության հարցեր

Ռումինիայի Սահմանադրական դատարանը վիճարկել է 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղյալ հայտարարելու որոշումը

Հայաստանի պատմության թանգարանում բացվեց Հայոց ցեղասպանությունից փրկվածներին նվիրված բացառիկ ցուցադրություն

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ցանկանում է Օմանում տեսնել ԱՄՆ-ի պատրաստակամությունն արդար գործարքի համար

Մահացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի զինծառայողը. ԱԱԾ նախնական տվյալներով՝ պատճառը նրան ամրակցված ինքնաձիգից կրակոցն է

Պեսկովն Ուիթքոֆի մոսկովյան այցն անվանել է մաքոքային դիվանագիտություն

Հնդկաստանում զգուշացրել են հնարավոր նոր ահաբեկչությունների մասին

ՀՀ-ում կներդրվի կենսաչափական անձնագրերի ժամանակակից և անվտանգ համակարգ

Մենք լուրջ պայքար ունենք տանելու աշխարհի առաջնությունում. Վարազդատ Լալայան