Երաժշտությունն ու քանդակագործությունը մեկ տեղում․ «ՕՊՈւՍ» երաժշտական փառատոնը կունենա հագեցած ծրագիր
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ՕՊՈՒՍ» միջազգային երաժշտական փառատոնի 5-րդ համերգաշրջանը, որն անց է կացվելու առցանց ձևաչափով՝ նվիրված է լինելու Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն, դաշնակահար Արմեն Մանասյանը։
«ՕՊՈւՍ 5» միջազգային երաժշտական փառատոնն անց է կացվելու առցանց ձևաչափով՝ համավարակի պատճառով և տեղի է ունենալու Դիլիջանում՝ Բեթհովենի անվան համերգասրահի տարածքում։ Այն 2 անգամ անց է կացվել Մոսկվայում, մեկ անգամ Փարիզում և մեկ անգամ էլ Երևանում։
«Նախագիծը անց է կացվելու 2020 թվականի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին, ներառելով ծավալուն մշակութային ծրագիր, որի շրջանակում լինելու են համերգներ, տեսագրություններ, բանախոսություններ և հարցազրույցներ՝ հայ և օտարազգի արվեստագետների մասնակցությամբ: Փառատոնի մասնակիցները Գերմանիայից են, Ավստրիայից, Ռուսաստանից, Հայաստանից և այլ երկրներից։ Հատուկ հյուրն է լինելու Մյունխենի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Կլեմենս Շուլդտի ղեկավարությամբ: Նվագախմբի համերգը և փառատոնի մի շարք այլ միջոցառումներ նվիրված են Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանին: Փառատոնային հեռարձակումների շարքում երաժշտությունից բացի մշտապես ընդգրկված են նաև արվեստի այլ ճյուղեր ներկայացնող թողարկումներ։ Այս տարի մեծ տեղ է հատկացվելու քանդակագործության և երաժշտության կապին»,- նշեց Մանասյանը։

Քանի որ այս փառատոնը նվիրված է քանդակագործությանը դաշնակահարը նշեց, որ հեռարձակվող հատուկ թողարկման ընթացքում ելույթ կունենա նկարչուհի Արև Պետրոսյանը, ներկայացնելով իր հոր՝ նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանի Դիլիջանում գտնվող ստեղծագործությունները:
«Քանդակագործության թեմայով ցուցադրվելու է նաև փոքր ֆիլմ, որը նվիրված է երևանաբնակ արվեստագետ Մանվել Մաթևոսյանի «Նոտաներից այն կողմ» աշխատանքին, որը նույնպես ոգեշնչված է Բեթհովենի երաժշտությամբ։ Այդ ֆիլմը ստեղծվել է հատուկ «ՕՊՈՒՍ 5» նախագծի համար»,- ասաց Մանասյանը:
Փառատոնին ՀՀ-ից մասնակցելու են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, դիրիժոր Նվարդ Անդրեասյանը, ինչպես նաև Գերմանիայի Բեռլին քաղաքը ներկայացնող հայազգի թավջութակահար Միքայել Հախնազարյանը և Մյունխենից՝ դաշնակահար Մամիկոն Նահապետովը, Ռոսաստանի Դաշնությունից՝ կոմպոզիտոր Դմիտրի Մազուրովը, Ավստրիայից՝ վիզուալ արտիստ Վոլֆգանգ Ալեքսանդր Թիլերը, Գերմանիայի Քյոլն քաղաքից՝ երաժշտական պրոդյուսեր, Riverside Studio-ի հիմնադիր Ռալֆ Քեմփերը և այլք:
Մանասյանը հայտնեց, որ նախագիծն ավարտվելու է Jazz weekend շարքով, որի ընթացքում ելույթներ կունենան Gregory Privat Trio և Yottagon ջազային խմբերը: Հեռարձակումները տևելու են մինչև սեպտեմբերի 27-ը, ամենշաբաթյա պարբերականությամբ և դրանց հնարավոր կլինի հետևել «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի պաշտոնական կայքում` www.artconcept.am, ինչպես նաև սոցիալական ցանցերում կազմակերպության էջերով:
Փառատոնն անց է կացվելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Լիլիթ Դեմուրյան