Հայկական թաղամասերը զգալի նյութական վնաս են կրել. Բեյրութից մանրամասնում է Շահան Գանտահարյանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղ ունեցած պայթյունն աննախադեպ էր, թե իր ուժգնությամբ, թե հասցրած ավերածություններով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ներկայացնելով վերջին մանրամասները:

«Շատ հզոր պայթյուն էր: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում այսպիսի պայթյուն չէր որոտացել: Սրա ուժգնությունը հզոր երկրաշարժի հետ են համեմատում: Շուրջ 80 հոգի զոհվել է (խմբ. զոհերի թիվը գերազանցել է 100-ը): Շուրջ 4 հազար մարդ վիրավորվել է, որոնց մեջ հարյուրավոր հայեր կան: Այս պահին չեմ կարող ասել, թե քանիսի կյանքին է վտանգ սպառնում: Միայն կարող եմ ասել, որ իրավիճակը ծանր է»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Նա տեղեկացրեց, որ երկրի կառավարությունը արտակարգ իրավիճակ է հայտարարում: Խոսվում էր նաև Բեյրութը որպես աղետի գոտի հայտարարելու մասին: Վերջին ժամերին տարբեր երկրներ իրենց պատրաստակամությունն են հայտնել հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար:

«Հայահոծ թաղամասերը զգալի նյութական վնասներ են կրել: Վնասվել են թե բնակելի տները, թե համայնքային կառույցները: «Ազդակ»-ի գրասենյակը ևս մեծ վնասներ է կրել՝ ապակիները կոտրվել են, դռները պոկվել են, գույքը, տեխնիկան վնասվել է: Մեզ մոտ տեղակայված ռադիոկայանը, կուսակցական գասենյակները, բոլորը ենթարկվել են ծանր նյութական վնասների: Երկրում շատ ծանր է իրավիճակը թե սոցիալական, թե տնտեսական առումով, առավել ևս կորոնավիրուսի պայմաններում: Հիվանդանոցները գերհագեցած են, եղել են վիրահատություններ առանց ցավազրկելու»,-ասաց Շահան Գանտահարյանը:

«Ազդակ»-ի խմբագիրը տեղեկացրեց, որ պայթյունի հետ կապված տարբեր վարկածներ են քննարկվում: Փաստն այն է, որ նավահանգստում պահվող պայթուցիկ նյութերը պայթել են: Թե որնէ եղել պատճառը, դեռ հայտնի չէ, հետաքննություն է լինելու:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել էր, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով զոհերի թիվը գերազանցել է 100-ը:

Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու սցենարները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»,- գրել է Նաղդալյանը:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

Պեկինում վստահեցրել են, որ ԱՀԿ-ից Վաշինգտոնի դուրս գալուց հետո կշարունակեն աջակցությունը կազմակերպությանը

Երբ մեկ դրամն ամենակարող ուժ է դառնում. «Մի դրամի ուժն» ամփոփում է 2024-ը

ԵԱՏՄ կոլեգիան սահմանել է էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչ սակագնային կարգավորման կանոններ

Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցային ուղիները. ԱԳ նախարար

Հույս ունենք, որ Ռուսաստանը կխուսափի միակողմանի մեկնաբանություններից․ Արարատ Միրզոյան

Թրամփը հրամանագիր է ստորագրել Կլիմայի փոփոխության շուրջ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին

Սաբալենկան Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում է

Մոսկվան գնահատում է ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ կապերը. Լավրով

Մուլինոն մերժել է Թրամփի խոսքերը Պանամայի ջրանցքը վերադարձնելու մասին

Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը