Ռեկորդային ցուցանիշ. տնտեսավարողներին պետության պարտքը զգալիորեն նվազել է՝ կազմելով 69.4 մլրդ դրամ
1 րոպեի ընթերցում
![Ռեկորդային ցուցանիշ. տնտեսավարողներին պետության պարտքը զգալիորեն նվազել է՝ կազմելով 69.4 մլրդ դրամ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1023771.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտներին 2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ նվազել է 70 մլրդ դրամի շեմից՝ կազմելով 69.4 մլրդ դրամ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից՝ ցուցանիշը դրական առումով ռեկորդային է վերջին տասնամյակների համար: Ընդ որում, իրական գերավճարը (սահմանված կարգով հաշվարկվող հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար), ինչը տարիներ շարունակ եղել է բիզնեսի հիմնական դժգոհության թեման, կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ: Մնացած 62.8 մլրդ դրամը վերաբերում է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի դեբետային գումարներին, որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում արտացոլված հաշվանցման ենթակա գումարներից:
2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ այդ պարտքը կազմել է 274.1 մլրդ դրամ, իսկ 2019-ի հունվարի 1-ին՝ 169.2 մլրդ դրամ: Իսկ այդ տարեսկզբի դրությամբ այն կազմել էր 79.6 մլրդ դրամ: