Պաշտոնական

Վարչապետին է ներկայացվել Կապսի ջրամբարի կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

2 րոպեի ընթերցում

Վարչապետին է ներկայացվել Կապսի ջրամբարի կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման նախագիծը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նշվել է, որ ծրագրի արժեքը գնահատվում է 60 մլն եվրո և նախատեսվում է այն իրականացնել գերմանական KFW բանկի հետ համագործակցությամբ: Ներկայումս քննարկման փուլում է ջրամբարի կառուցման երկու տարբերակ: Արդյունքում՝ Կապսի ջրամբարի տարողությունը լինելու է 60 մլն խմ՝ 51 մետր երկարությամբ պատվարով:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում, Ախուրյան գետի (Արփի լճի ջրամբարից մինչև Ախուրյանի ջրամբար) հիդրոլոգիական դիտակետերի վերազինում, լրացուցիչ կայանների կառուցում և տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ)։ Հնարավորություն կստեղծվի շուրջ 2280 հեկտար հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ ՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ջրամբարի կառուցմամբ հնարավոր կլինի նաև ոռոգելի տարածքներն ընդլայնել 7000 հեկտարով՝ Թալինի տարածաշրջանում:

Ծրագիրը նախատեսվում է սկսել 2021 թվականին և ավարտին հասցնել 3,5 տարվա ընթացքում:

Վարչապետը կարևորել է վերը նշված ծրագրի իրականացումը և հանձնարարել այն կյանքի կոչելիս հաշվի առնել նաև Էներգետիկ հզորությունները նախատեսելու հարցը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ջրային պահանջարկի ապահովման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրն ու նշել, որ պետք է այդ ուղղություններով իրականացնել հետևողական աշխատանքներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում