Սպիտակի կենտրոնական հրապարակում ժամանակակից լուծումներով նոր շատրվանները պատրաստ կլինեն դեկտեմբերին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ համայնքի կենտրոնական հրապարակում այս տարի սուբվենցիոն միջոցներով կտեղադրվեն երգող, պարող, լուսային էֆեկտներով շատրվաններ, հրապարակը կունենա նոր լուսային լուծումներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, ներկայացնելով ծրագրի մանրամասները, նշեց, որ առայժմ գործընթացը պայմանագրի կնքման փուլում է:
«Ծրագրի հետ կապված աշխատանքները կմեկնարկեն մոտ 20 օրից: Այդ ժամանակ կսկսվի սարքավորումների ներկրման գործընթացը: Շատրվանի տեղադրման համար անհրաժեշտ սարքավորումներ Հայաստանում չեն արտադրվում, հետևաբար պետք է բերվենարտասահմանից: Սարքավորումներն ունենալուց հետո արդեն կսկսվեն բուն շինարարական, կառուցման, տեղադրման աշխատանքները»,- ասաց Սահակյանը: Աշխատանքների ավարտը նախատեսված է դեկտեմբերին: Այսինքն՝ այս տարվա վերջին Սպիտակ քաղաքը կունենա ժամանակակից լուծումներով նոր շատրվան:
Քաղաքային շատրվանները կառուցվել են շուրջ 25 տարի առաջ, արդիականացումից հետո դրանք առանձնակի հմայք կհաղորդեն քաղաքին: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 79 մլն դրամ, որից՝ շուրջ 32 մլն դրամը կհատկացվի պետբյուջեից, 15 մլն դրամը կներդրվի բարերարների կողմից, մնացածը կներդնի համայնքը:
Շատրվանների տեղադրման ծրագրի շրջանակում նախատեսված են բարեկարգման աշխատանքներ: Գագիկ Սահակյանը նշեց, որ համայնքում իրականացվող ծրագրերից այս մեկն ամենափոքրն է: Համայնքում տարբեր ուղղություններով բարեկարգման աշխատանքների պակաս չի զգացվում: Մասնավորաես, լայն թափով իրականացվում են ճանապարհաշինարարական աշխատանքները: Հատուկ ուշադրություն են դարձվում ճանապարհների լուսավորության բարեալավման գործին:
«Մենք զգալի աշխատանքներ ենք իրականացնում նաև շենքերի ջերմամեկուսացման ուղղությամբ: Աղբահանության գործընթացի բարելավման համարնախատեսված է ձեռք բերել նոր տեխնիկա: Մի խոսքով, աշխատանքները շատ ակտիվ փուլում են»,- ասաց Սպիտակ համայնքի ղեկավարը:
Աննա Գզիրյան