ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի բացառում, որ խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսականների:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է NHK-ն: Տոկիոյի խաղերի կազմկոմիտեի նախագահ Յոսիրո Մորին չի բացառում, որ անվտանգության նորմերից ելնելով խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսականների: Այս պահի դրությամբ, սակայն, ոչինչ վերջնականապես որոշված չէ:
Ավելի վաղ լուրեր կային, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի բացառում ՕԽն նորից հետաձգելու հնարավորությունը: Կազմակերպիչները ձգտում են խաղերն անցկացնել 2021 թվականի ամռանը, սակայն եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խաղերը չանցկացվեն ամռանը, ապա հնարավոր է, որ դրանք ևս մեկ անգամ հետաձգվեն:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը