Հայաստանն աջակցելու է գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության վերացման գլոբալ ջանքերին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի գրասենյակի և Կանանց առաջխաղացման և գենդերային հավասարության մարմնի (UN-Women) կողմից կազմակերպված Կանանց հարցերով համաշխարհային չորրորդ համաժողովի 25-ամյակին նվիրված առցանց միջոցառմանը՝ ելույթ ունենալով միջոցառման «Գենդերային հավասարության առաջնորդների միջև երկխոսություն» հատվածում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ինչպես գիտեք, Հայաստանը նախագահում է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը, իսկ հուլիսի 1-ին Հայաստանն ընտրվել է «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր: Սա ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու գենդերային հավասարության ապահովման և կանանց նկատմամբ բռնության վերացման ուղղությամբ գլոբալ ջանքերին»,- այս մասին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նախարարը նշել է, որ բազմակի և հատվող խտրականության ենթարկվող կանանց և աղջիկներին քաղաքականությունները հասանելի դարձնելու նախապայմանը նրանց մասնակցությունն է բոլոր փուլերում։

Զարուհի Բաթոյանն անդրադարձել է նաև անցյալ շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններին և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել դրանց հետևանքով տուժող քաղաքացիների և հատկապես կանանց խնդիրներին.

«Այս համատեքստում կցանկանայի նշել, որ այս օրերին Հայաստանը, ինչպես աշխարհի մյուս երկրները, պայքարում է համավարակի դեմ։ Կին բուժաշխատողների մասնակցությունը, նրանց փորձի վրա հիմնված առաջարկներն անգնահատելի են ընդհանուր պայքարի համատեքստում։ Ցավոք, վերջին օրերին Հայաստանի քաղաքացիների օրակարգում է ևս մեկ հարց՝ Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումը։ Հայաստանի սահմանամերձ գործարաններից մեկը, որն օրական արտադրում է երեք հարյուր հազար դիմակ, օրեր առաջ հրետակոծվեց։ Դժվարին այս իրավիճակում դիմակ արտադրող կանանց և այն բուժաշխատող կանանց, որոնց համար դիմակների առկայությունը կենսական է, ձայնը պետք է լսելի լինի ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև միջազգային ասպարեզում։ Չէ՞ որ, երբ որոշում կայացնողները լսում են ռազմական գործողությունների արդյունքում տուժող կանանց ձայնը, չեն կարող շեղվել խաղաղության օրակարգից»,- ասել է նախարարը։

Նա անդրադարձել է նաև գենդերային հավասարության խնդիրներին և նշել, որ կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերը վերացնելու համար երկխոսությունը առանցքային է.

«Հայաստանի կառավարությունն գենդերային հավասարության հասնելու հարցում վճռական է։ Այդ վճռականությունը հիմնված է քաղաքական երկխոսության վրա։ Եթե փոխվստահությունը շահագրգիռ կողմերի միջև ամուր է, և՛ կառավարությունը, և՛ քաղաքացիական հասարակությունը չեն ընկրկրկում»,- ասել է նա:

Նախարարը խոսել է նաև օրեր առաջ հաստատված Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ, որն ի դեպ, մշակվել է կին դերակատարների ուղիղ մասնակցությամբ։ Ըստ նախարար՝ ռազմավարությամբ ամրագրվել է, որ բռնությունից զերծ հանրության հայեցակարգը հասարակական համերաշխության կարևոր նախապայման է.

«Այդ դրույթը համագործակցության և քաղաքական երկխոսության ձեռքբերումն էր, որ ամրագրվեց որպես ներհայկական համակեցության կանոն։ Սա է մեր պատկերացումը գենդերային հավասարության հասնելու համար տարբեր կողմերի համագործակցության մասին։ Հուսով եմ, որ այդ հարցում համագործակցության մեր փորձը օրինակելի կդառնա շատ հասարակությունների համար և կամրապնդի գլոբալ համագործակցությունը հանուն բոլոր կանանց և աղջիկների»,- եզրափակել է նախարարը։

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը