Համապարփակ մոտեցում ազգային նշանակության խնդիրներին

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանում ջրի խնդիրը գնալով ավելի է խորանում. սկզբում օրակարգային էր ոռոգման, հիմա նաեւ խմելու ջրի հարցը։ Իրականում Քուռի արագ տեմպերով ցամաքելու պատճառի գիտական պատասխանը դեռ չկա, իսկ դատելով համացանցում սփռված կադրերից, նկատելի է, որ գետավազանի բոլոր ջրհորներն այնպես են ցամաքել, որ նույնիսկ պոմպակայանները չեն կարողանում աշխատել։ Սա մեկ անգամ եւս խորհել է տալիս Հայաստանի Հանրապետությունում ջրային պաշարների պահպանության մասին։ Ու, բնականաբար, հանգում ենք Սեւանա լճի պաշտպանությանը։

Այո՛, Սեւանի, որ ՀՀ միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքին եւ երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Լիճ, որ զուտ ջրային պաշար չէ եւ ունի բացառիկ էկոհամակարգ։ Եվ որ այդ էկոհամակարգը պահպանելու համար կարեւոր է նաեւ ձկնաշխարհի պահպանությունը։

Հունիսի 18-ի նիստում կառավարությունը հավանության արժանացրեց շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած առաջարկը, որի նպատակն է կանոնակարգել Սեւանա լճում կենսապաշարի օգտագործման եւ կայուն կառավարման ոլորտը (ՇՄՆ-ի ձեւակերպումն է)։ Ըստ այդմ՝ արդյունագործական ձկնորսության նպատակով Սեւանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքը կիրականացվեն միմիայն նախագծում նշված 17 տեղամասից (Դրախտիկի տեղամաս, Ախթամարի 3 տեղամաս, Սեւանի տեղամաս, Այրիվանի տեղամաս, Նորատուսի 3 տեղամաս, Երանոսի տեղամաս, Վարդենիկի 2 տեղամաս, Ծովինարի տեղամաս, Վարդենիսի տեղամաս, Արեգունի տեղամաս, Փամբակ տեղամաս, Արտանիշի տեղամաս)։ 2020 թ. ձկան արդյունագործական որսի ծավալը Սեւանա լճում սահմանվեց 200 տոննա։

Այսպիսով, նախարարությունը սահմանում է ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ եւ գործուն քայլեր ձեռնարկել Սեւանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։

Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ 1. արգելվում է Սեւանա լճում բոլոր ձկնատեսակների արդյունագործական որսը՝ բացի սիգից, եւ 2. սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է մեծ Սեւանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։ Ձկնորսության համար թույլատրելի քաշ է սահմանվում ոչ պակաս, քան 500 գրամը։ 3. Հաշվի առնելով ձկների ձվադրման շրջանը՝ որսն արգելվում է իրականացնել 2020 թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2021 թ. մարտի 1-ը։ 4. Ձկների արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ եւ ավելի)։ 5. Սեւանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։

Շրջակա միջավայրի նախարարությունն առանձնահատուկ ընդգծում է, որ արգելքը տարածվում է միայն արդյունագործական ձկնորսության նպատակով լիճ մուտք գործող լողամիջոցների վրա։ ՇՄՆ-ն հավելում է նաեւ, որ ներկայում տեղի ունեցող ապօրինի ձկնորսության ծավալներն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծության եւ արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի անկատարության հետեւանքով առաջ են եկել մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։ Սա է պատճառը, որ նախարարությունը նախաձեռնել է «Սեւանա լճում եւ նրա ջրհավաք ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների կայուն օգտագործում» պիլոտային ծրագիրը՝ հիմք ընդունելով կառավարության 2019 թ. նոյեմբերի 21-ի «Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաեւ դրանց պաշարների որոշման, ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձեւերի եւ կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշումը։

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանից փորձեցինք ճշտել՝ ինչքանով այս որոշումը կնպաստի այն բուն նպատակին, որը ձեւակերպված է։ Նախ՝ ըստ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի, արդեն քանի տարի այս դաշտը բարձիթողի է, եւ նախարարությունը մեկ անգամ չէ, որ դիմել է գիտական կենտրոնին՝ փորձնական ծրագիր իրականացնելու։ Կենտրոնը տարբեր առաջարկներ է ներկայացրել՝ ելնելով այն կարեւորագույն սկզբունքից, որ փորձարարական որսում պետք է նորույթ լինի, այլ ոչ թե, ինչպես միշտ, արտոնագրային որս։ «Իսկ արտոնագրային որսը, փաստորեն, չի արդարացրել իրեն տարիների ընթացքում եւ բերել է այս վիճակին»,– ասաց Բ. Գաբրիելյանը։ Այնպես որ, հիշյալ պիլոտային ծրագրի առաջարկը՝ արտոնագրային որսի, ԳԱԱ գիտական կենտրոնը չի տվել, բայց ասել է՝ ինչպես անել որսը (500 մ հեռավորության, ցանցի հատուկ ձեւի, մեծ Սեւանում որսի եւն)։

Գիտական կենտրոնի տնօրենը նաեւ կարծում է, որ ընտրված 17 տեղամասը շատ են։ «Ընդամենը 3-4 պետք է լիներ առավելագույնը,–ասաց նա,– մնացած տեղերից դուրս եկողներին պետք է բռնեին։ Այսպես հեշտ կլիներ հսկելը։ Իսկ հիմա չեն կարող հսկել։ Պետությո՛ւնը չպետք է հարմարվեր որս անողներին, այլ նրանք՝ պետությանը։ Պետությունը կամ նրա ընտրած՝ մրցույթով ընտրված ընկերությունն էլ այդ կետերում պետք է գներ ձուկը։ Եվ գներ ոչ թե կոպեկներով, այլ՝ թանկ։ Սիգը սպիտակ, թանկարժեք, բարձրակարգ ձուկ է։ Մենք սա, ի վերջո, պետք է հասկանանք։ Եթե այսպես լիներ, ձկնորսը իր ձուկը հենց այդ կետեր կբերեր, ոչ թե ջրի գնով սրան-նրան կտար։ Այ սա կլիներ որսագողության արգելք ու որսի ծավալների հսկում։ Ընկերությունն էլ քաղաքակիրթ ձեւով դա կտար խանութներին, ինչու ոչ, մեր զորքին։ Այս ամենից զատ սննդի անվտանգության հարցն էլ կլուծվեր։ Միս ծախողներին հսկում ենք, ձուկ ծախողներին ինչու՞ չենք հսկում։ Ձուկը այս ամռան օրերին փողոցում լցված է՝ կեղտոտ, ճանճերով պատված։ Ուղղակի ապշած եմ՝ ձկան խնդիրն ինչո՞ւ չի լուծվում, եւ ինչու՞ համապատասխան մարմինները չեն ուզում գիտական կենտրոնի հետ աշխատել»։

Ի դեպ, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը մեկ անգամ չէ, որ արծարծել է այս խնդիրները, բայց կարծես «հատուկ իզոլացվում է» (գիտնականի ձեւակերպմամբ), մինչդեռ ազգային նշանակության խնդիրներին պետք է բոլորովին այլ մոտեցում լինի։

Հավելենք, որ ՇՄ նախարարությունը Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի լիցենզիաների տրամադրման հայտարարություն է տարածել։ Ըստ այդմ, լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները 10 աշխատանքային օրվա ընթացքում կարող են ներկայացնել պայմանագիր կնքելու մասին հայտ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերում՝ ըստ ներկայացված ժամանակացույցի (1. Վարդենիս (Արեւիկ) - հուլիսի 17-21, 2. Նորատուս - հուլիսի 14-16, 3. Արտանիշ - հուլիսի 22, 4. Սեւան - հուլիսի 23, 5. Վարդենիկ (Մարտունի) - հուլիսի 24)։ Հայտում պետք է նշվեն հայտատուի տվյալները, օգտագործման ենթակա տեղադիրքը, որսամիջոցները, դրանց նկարագիրը եւն։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

a.melqonyan@hhpress.am

Հայերեն