Ծովինար համայնքում ավարտին է մոտենում լուսավորության ցանցի կառուցումը
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում ավարտին է մոտենում լուսավորության ցանցի կառուցումը, որն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ծովինարի համայնքապետարանը:
Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների կազմակերպման մրցույթի արդյունքների ամփոփումից հետո ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 8 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 5 միլիոն 200 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 2 միլիոն 800 հազար դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը:
«Լուսավորության ցանցի երկարությունը շուրջ 3 կիլոմետր է, կառուցվում է հիմնականում այն փողոցներում, որտեղ այս տարվա ընթացքում սուբվենցիոն մեկ այլ ծրագրով իրականացվելու են ասֆալտապատման աշխատանքներ: Լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին»,- նշեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան